Ճապոնիան 53 մլրդ դոլարի չափով խթանող միջոցների նոր փաթեթ է պատրաստում

03.12.2013 14:21
Ճապոնիան 53 մլրդ դոլարի չափով խթանող միջոցների նոր փաթեթ է պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ճապոնիան 53 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ խթանող միջոցների նոր փաթեթ է մշակում, որպեսզի աջակցի ազգային տնտեսությանը` վաճառքի հարկի ավելացման նախաշեմին, որը գործողության մեջ կմտնի հաջորդ տարվա ապրիլին։ Խթանող միջոցների նոր փաթեթի մասին որոշումը կընդունվի այս շաբաթվա ընթացքում, հաղորդում է Reuters–ը` հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Հոկտեմբերի սկզբին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել էր, որ կառավարությունը նոր ֆինանսական տարում (2014թ.–ի ապրիլին) մինչև 8 տոկոսով բարձրացնում է վաճառքի ազգային հարկը։ Ներկա պահին հարկային դրույքը գտնվում է 5 տոկոսի մակարդակում։ Հարկերի բարձրացումն առաջին անգամ իրականացվել է 1997թ.–ին, հաղորդում է РБК–ն։

Աբեն նաև հայտնել է, որ շուտով կներկայացվեն 5 տրլն իենից (51 մլրդ դոլար) պակաս տնտեսական խթանման ուղղությամբ քայլերը, որոնք կօգնեն հարթել հնարավոր բացասական էֆեկտը։

Հարկի ավելացման օգնությամբ ճապոնական իշխանությունները մտադիր են նվազեցնել երկրի պետական պարտքի աճի տեմպերը։

Միաժամանակ վաճառքի հարկի բարձրացման ծրագիրը թույլ կտա 2014–2015 ֆինանսական տարում գնաճը հասցնել մինչև 3,3 տոկոսի։ Առանց հաշվի առնելու այդ ծրագիրը գնաճը հաջորդ ֆինանսական տարում կկազմի ընդամենը 1,2 տոկոս, հայտնել են կառավարությունից։ Ընթացիկ տարում սպառողական գների աճը, նախարարների կաբինետի կանխատեսման համաձայն, ակնկալվում է 0,5 տոկոսի մակարդակում։

Կես տասնյակ տարիների ընթացքում Ծագող արևի երկրում գնանկում է նկատվել, որը ներդրումների կրճատման պատճառ է դարձել։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև