IFC-ի թողարկած «Սևան» մեկնարկային պարտատոմսը կնպաստի Հայաստանի կապիտալի շուկայի ընդլայնմանը

23.12.2013 19:10
IFC-ի թողարկած «Սևան» մեկնարկային պարտատոմսը կնպաստի Հայաստանի կապիտալի շուկայի ընդլայնմանը

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն դեկտեմբերի 23-ին թողարկել է 2 միլիարդ դրամի (մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար) պարտատոմս՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի կապիտալի շուկան և խթանել մասնավոր հատվածի վարկավորումը:

Ինչպես հայտնում են IFC–ի մամուլի ծառայությունից, պարտատոմսը հանդիսանում է IFC-ի առաջին դրամային թողարկումը: Այն նաև առաջին պարտատոմսն է, որը թողարկվել է ՀՀ ոչ ռեզիդենտի կողմից, ինչպես նաև Հայաստանի կապիտալի շուկայում թողարկված առաջին օտարերկրյա կորպորատիվ պարտատոմսն է:

Հայաստանի ամենամեծ լճի անվանումը կրող «Սևան» պարտատոմսերը հանդիսանում են IFC-ի կողմից իրականացվող 8 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի մաս, որի շրջանակում IFC-ն կարող է պարտատոմսեր թողարկել այն ժամանակ, երբ համընկնեն շուկայական հնարավորությունները և երկրի մասնավոր հատվածի ֆինանսավորման կարիքները:

«Խորը և իրացվելի ներքին կապիտալի շուկան երկարատև աճի և համընդհանուր բարգավաճման հիմք է հանդիսանում, քանի որ այն մասնավոր հատվածի համար հասանելի է դարձնում ֆինանսավորման հնարավորությունները», - ասել է IFC-ի փոխնախագահ և գանձապետ Ջինգդոնգ Հուան: «IFC-ի նպատակն է՝ աջակցել ներքին շուկաների զարգացմանը Հայաստանում: Մենք հույս ունենք, որ այս պարտատոմսերի թողարկումը հստակ ազդանշան կհանդիսանա բարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան այլ թողարկողների համար, որ Հայաստանը պատրաստ է ողջունել նրանց»։ Պարտատոմսի գնորդների մեծամասնությունը հանդիսանում են հայկական ֆինանսական կազմակերպություններ, որոնք իրենց հերթին աջակցում են երկրում մասնավոր հատվածի զարգացմանը:

«IFC-ի կողմից թողարկված «Սևան» պարտատոմսը՝ բարձր որակի ներդրումների այլընտրանքային տարբերակ է առաջարկում ինստիտուցիոնալ ներդրողներին՝ միաժամանակ տրամադրելով ֆինանսական միջոցներ, որոնք կարող են կիրառվել տեղական տնտեսությանը աջակցելու նպատակով», - ասել է IFC–ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը: «IFC-ն ուրախ է աջակցել Հայաստանի կապիտալ շուկաների ամրապնդմանը»։ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հանդիսացել են պարտատոմսերի գլխավոր տեղաբաշխողներ: Տարիների ընթացքում, IFC-ի կողմից թողարկվել է 14 տեղական արժույթով պարտատոմս, ներառյալ` բրազիլական ռեալը, չինական ռենմինբին, նիգերիական նայրան և ռուսական ռուբլին: Հաճախ՝ IFC-ն հանդիսանում է շուկայում տեղական արժույթով թողարկվող պարտատոմսերի միջազգային կամ կորպորատիվ առաջին թողարկողը: Տեղական արժույթով պարտատոմսերի թողարկման գործընթացն իրականացնելիս IFC–ն սերտորեն համագործակցում է շուկայի կարգավորողների և մասնակիցների հետ՝ նպատակ ունենալով կարգավորել իրավական դաշտը՝ խթանելով ավելի ակտիվ մասնակցություն տեղական շուկաներում և օրինակ հանդիսանալով այլ միջազգային թողարկողների համար: Այն պահից, երբ 1995թ. Հայաստանը դարձավ IFC-ի անդամ, IFC-ն ներդրել է 271 մլն դոլար 44 ծրագրի իրականացման համար մի շարք ոլորտներում, այդ թվում ֆինանսական շուկաներ, արտադրություն և հանքարդյունաբերություն:

IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են սննդի անվտանգության բարելավմանը, ֆինանսական հատվածի ամրապնդմանը, կայուն էներգետիկային զարգացմանը և կանոնակարգման դաշտի պարզեցմանը:

IFC-ի «Սևան» պարտատոմսերի ընդհանուր պայմաններն են` թողարկման ծավալ՝ 2 միլիարդ ՀՀ դրամ (մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք), գնանշման ամսաթիվը՝ դեկտեմբերի 23, 2013թ., կատարման ամսաթիվը՝ դեկտեմբերի 23, 2013թ., մարման ամսաթիվը՝ դեկտեմբերի 23, 2016թ., կուպոնը՝ 9.70%, կուպոնի մարման հաճախականությունը՝ կիսամյակային,  վճարումը՝ միանվագ, մարման օրը։

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է մասնավոր հատվածին: Աշխատելով անհատ ձեռներեցների հետ ավելի քան 100 երկրներում, IFC-ն օգտագործում է իր կապիտալն ու ազդեցությունը ծայրահեղ աղքատությունը վերացնելու և կենսամակարդակը բարձրացնելու համար: Համաշխարհային տնտեսության համար անկայուն ժամանակներում IFC-ի ներդրումները 2013թ.-ի ֆինանսական տարում հասել են ամենաբարձր ցուցանիշին` 25 միլիարդ ԱՄՆ դոլարի: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև