IFC-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսը կարող է երկարաժամկետ ներդրումային գործիք հանդիսանալ Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար

26.12.2013 20:17
IFC-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսը կարող է երկարաժամկետ ներդրումային գործիք հանդիսանալ Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն դարձավ առաջին ոչ ռեզիդենտը որը Հայաստանի շուկայում թողարկեց 2 միլիադ ՀՀ դրամի (մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար) պարտատոմս: Այն նաև Հայաստանի կապիտալի շուկայում թողարկված առաջին օտարերկրյա պարտատոմսն է:  IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը «ԱՌԿԱ» լրատվական գործակալության հետ բացառիկ հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպիսի նպատակների կծառայեն պարտատոմսի թողարկումից ստացված ֆինանսական միջոցները և նախատեսվում է արդյո՞ք նոր պարտատոմսի թողարկում:

«ԱՌԿԱ» - պարոն Լյուբեք, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում IFC-ի կողմից մեկնարկային պարտատոմսերի թողարկումը և ինչպիսի՞ նպատակների կծառայեն տվյալ արժեթղթերը:

Թ. Լյուբեք – Դեկտեմբերի 23-ին IFC-ն թողարկեց 2 միլիադ դրամի «Սևան» մեկնարկային պարտատոմսը: Այն IFC-ի կողմից իրականացվող 8 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի շրջանակներում կատարված առաջին թողարկումն է, ինչպես նաև  ՀՀ ոչ ռեզիդենտի կողմից թողարկված առաջին դրամային պարտատոմսն է: «Սևան» պարտատոմսը հանդիսանում է բարձր որակի ներդրումային այլընտրանքային տարբերակ ինստիտուցիոնալ ներդրողների համար, որը թույլ է տալիս ազատ միջոցները ներդնել տեղական տնտեսության զարգացման նպատակով: Մենք որոշում կայացրեցինք պարտատոմսը անվանել «Սևան», քանի որ տեղական կապիտալի շուկայում առաջին միջազգային թողարկողը սովորաբար ունի պարտատոմսն անվանելու արտոնություն: Շուկայի հիմնական մասնակիցների հետ բազմաթիվ քննարկումների արդյունքում ընտրվեց այս անվանումը: Հայաստանի բարձրալեռնային Սևանա լիճը հայտնի է իր մաքուր ու պարզ ջրով, և մենք ցանկանում ենք, որպեսզի այդ հատկանիշները ապագայում բնութագրեն հայկական կապիտալի շուկան:

«ԱՌԿԱ» - Սպասվում է արդյո՞ք նոր արժեթղթերի թողարկում մյուս տարվա ընթացքում, եթե այո, ապա ի՞նչ ծավալով և ինչպիսի՞ նպատակների համար է այն ծառայելու:

Թ. Լյուբեք – Առաջիկա երեք տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում նախատեսվում է թողարկել ևս 6 միլիարդ դրամի պարտատոմսեր: Դա կախված է շուկայի պահանջի ծավալից: Միջոցները ներդրվելու են Հայաստանում: Ինչպես գիտեք, IFC-ն ունի մի շարք ներդրումային պրոդուկտներ, որոնք նախատեսված են տեղական բանկերի և ընկերությունների համար, ինչպես նաև IFC-ի կողմից իրականացվում են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր: Մինչ այսօր, ներդրումային պրոդուկտները և  վարկերը տրամադրվում էին միայն ԱՄՆ դոլարով: Ներկայում, մենք արդեն կարող ենք առաջարկել վերոհիշյալ ծառայությունների ֆինանսավորումը ՀՀ դրամով: Օրինակ՝ տվյալ միջոցները կարող են տրամադրվել միկրովարկավորում իրականացնելու նպատակով, ինչը թույլ կտա մեզ վերացնել արժութային ռիսկերը փոքր և միջին ձեռնարկությունների համար: Սակայն, մենք դիտարկելու ենք նաև այլ ուղղություններ, օրինակ՝ տնտեսության իրական հատվածում ներդրումների իրականացում:

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ ազդեցություն կունենա IFC-ի կողմից թողարկված պարտատոմսը հայկական ֆոնդային և ֆինանսական շուկայի, ինչպես նաև ընդհանուր տնտեսության վրա:

 Թ. Լյուբեք – Իրականում շատ կարևոր է, որ IFC-ն մեկնարկեց տվյալ գործընթացը:  Մենք Հայաստանում սկսում ենք նոր ծրագրեր ուսումնասիրել և դա կարևոր է երկու պատճառներով՝ առաջինը, ինչպես գիտեք, կառավարությունը ավարտում է կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը և հունվարի 1-ից ի հայտ կգան կենսաթոշակային ակտիվները կառավարող մասնավոր ընկերություններ, որոնք երկարաժամկետ ներդրումային գործիքների կարիք կունենան:  Կենսաթոշակային ֆոնդերը կառավարող ընկերությունները հնարավորություն կունենան ներդրում կատարել IFC–ի պարտատոմսի միջոցով:

Մենք հույս ունենք, որ պարտատոմսի թողարկումը օրինակ կծառայի այլ միջազգային թողարկողների համար, որոնք նույնպես կսկսեն արժեթղթեր թողարկել տեղական շուկայում, որպեսզի ընկերությունների կողմից կառավարվող կենսաթոշակային կուտակումները ներդրվեն Հայաստանի ակտիվների շուկայում:

Երկրորդ կարևոր պատճառն այն է, որ պարտատոմսի թողարկումը դրական գործոն է նաև փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև իրական հատվածում գործող ընկերությունների համար: Մինչ այսօր Հայաստանի բանկային համակարգում իրականացվող ներդրումների մեծ մասը կատարվել է ԱՄՆ դոլարով: Որքան շատ լինի տեղական արժույթով ներդրումային գործիքների թիվը, այնքան ցածր կլինեն արժութային ռիսկերը:

Կցանկանայի առանձնահատուկ նշել, որ հայկական դրամը դարձավ 14-րդ ազգային արժույթը, որով IFC-ն պարտատոմս է թողարկել: Մենք իրականացրել ենք պարտատոմսերի թողարկում Բրազիլիայում, Մալայզիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Նիգերիայում և Զամբիայում: Ինչ վերաբերվում է ԱՊՀ տարածաշրջանին, IFC-ի կողմից տեղական արժույթով պարտատոմսեր են թողարկվել միայն Հայաստանում և Ռուսաստանում: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև