2013 թ.–ին Հայաստանում գրանցված 6 տոկոսից ցածր գնաճը ձեռքբերում է համարվում. Ջավադյան

08.01.2014 11:47
2013 թ.–ին Հայաստանում գրանցված 6 տոկոսից ցածր գնաճը ձեռքբերում է համարվում. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2013 թվականն ավարտում է 6 տոկոսից ցածր գրանցված գնաճով, ինչը կարելի է ձեռքբերում համարել էներգակիրների գների փոփոխության և դրանց անուղղակի ազդեցության պայմաններում, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն` ամփոփելով նախորդ տարվա արդյունքները։

ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն` Հայաստանում 2013 թ.–ին գնաճը կազմել է 5,8 տոկոս։ Պարենային ապրանքների գները (այդ թվում նաև խմիչքն ու ծխախոտը) ավելացել են 5,8 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները` 4,6 տոկոսով, ծառայությունների ոլորտի սակագները` 6,4 տոկոսով։

«2013 թ-ի տարեսկիզբը բնութագրվել է ցածր և կայուն գնաճային միջավայրով, տնտեսական բարձր ակտիվությամբ, սակայն էներգակիրների գների փոփոխությունն էապես փոխել է մակրոտնտեսական քաղաքականության միջավայրը», – մեջբերեցին Ջավադյանի խոսքերը ԿԲ մամուլի ծառայությունից։
Նախորդ տարվա հուլիսի 7–ից Հայաստանում գործում են գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որոնք հաստատվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Այսպես, գազի սակագինն ավելացել է 18 տոկոսով, էլեկտրաէներգիայի սակագինը` մոտ 27 տոկոսով։

«Գնահատելով գների կայունության վրա այդ շոկի ազդեցությունները` ԿԲ–ն ճկուն կերպով է արձագանքել ստեղծված իրավիճակին», – նշել է Ջավադյանը։

ԿԲ նախագահի խոսքերով` հնարավոր երկրորդային ազդեցությունները մեղմելու և սպասումները չեզոքացնելու նպատակով կարգավորիչը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

ԿԲ–ին նախորդ տարվա օգոստոսին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է` 8 տոկոսից դարձնելով 8,5 տոկոս։

Ինչպես նշում է Ջավադյանը, գնաճային միջավայրի մեղմացման և տնտեսական ակտիվության նվազման պայմաններում ԿԲ–ն հետևողականորեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Կարգավորիչը նոյեմբերին նվազեցրեց տոկոսադրույքը` 8,5 տոկոսից դարձնելով 8 տոկոս, իսկ դեկտեմբերին հասցնելով այն 7,75 տոկոսի։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում 2013 թ.–ին գնաճը նախատեսված էր 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ–ի աճը` 6,2 տոկոսի սահմանում։ 2014 թ.–ի պետբյուջեում նշված է գնաճի նույն ցուցանիշը` ՀՆԱ–ի 5,2 տոկոսանոց աճի դեպքում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև