08.01.2014 17:15
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն աստիճանաբար կկրճատի քանակական մեղմացման ծրագիրը, հայտնել է Սան Ֆրանցիսկոյի դաշնային պահուստային բանկի նախագահ Ջոն Ուիլյամսը, հայտնում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։
«Կարծում եմ, որ Բաց շուկաների կոմիտեի առաջիկա ժողովներից յուրաքանչյուրի ընթացքում մենք կնվազեցնենք հետգնվող արժեթղթերի թիվը»,– ասել է Ջ.Ուիլյամսը։ Կրճատումները կապված կլինեն ԱՄՆ տնտեսության վիճակի բարելավման հետ, և ԴՊՀ–ն կհրաժարվի նվազեցումից միայն այն դեպքում, եթե դրանց կանխատեսումները տնտեսության վերաբերյալ չիրականանան։
Մինչև վերջերս ԱՄՆ ԴՊՀ–ն ամեն ամիս երկրորդային շուկայում հետ էր գնում 85 մլր դոլարի գանձապետական արժեթղթեր ու հիփոթեքային արժեթղթեր։ Վերջին նիստի արդյունքներով հայտարարվել էր, որ վերջին փուլում` 2014 թվականի հունվարից, արժեթղթերի ետգնման ծավալը կրճատվում է մինչև 75 մլրդ դոլար։
Վերջնական տվյալներով, 2013 թվականի երրորդ եռամսյակում ԱՄՆ–ն հասել է աճի ամենաարագ տեմպին 2011 թվականի չորրորդ եռամսյակից ի վեր (այն ժամանակ ՀՆԱ–ն աճել էր 4.9 տոկոսով)։ Ամերիկյան տնտեսության աճի վերջանական գնահատականը հուլիս–սեպտեմբերին նախորդ գնահատականից (+3,6%) և վերլուծաբանների կոնսենսուս–կանխատեսումից ավելի դրական էր (+3,6%)։
Փորձագետների կանխատեսումով, ԱՄՆ ՀՆԱ–ն 2013 թվականի արդյունքներով պետք է աճի տարեկան կտրվածքով 2 տոկոսով, իսկ 2014 թվականին` արդեն 3.1 տոկոսով։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: