Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան սպասարկում է արտասահմանյան արժեթղթերով գործարքները

13.01.2014 18:41
Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան սպասարկում է արտասահմանյան արժեթղթերով գործարքները

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. 2013թ.-ի դեկտեմբերին Clearstream Deutsche Börse Group-ի Clearstream Banking Luxemburg-ում բացված արժեթղթերի անվանատիրոջ հաշվի ներքո Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ապահովում է արտասահմանյան արժեթղթերով գործարքների հաշվառումը, վերջնահաշվարկը և սպասարկումը Հայաստանում:

Ինչպես տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ընկերությունից,  Clearstream Deutsche Börse Group-ի հետ կապի ներդրման շնորհիվ հայկական ներդրողներին հնարավորություն է ընձեռվում ներդրումներ կատարել աշխարհի զարգացած և զարգացող 53 շուկաների արժեթղթերում՝ ՀԿԴ-ի միջոցով ապահովելով արժեթղթերով կնքվող գործարքների սպասարկումը, արժեթղթերի հաշվառումը և պահառությունը, ինչպես նաև արտասահմանյան արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը: «Այս ձեռքբերումը թույլ կտա Հայաստանում շրջանառել արտասահմանյան արժեթղթերը, մասնավորապես, հայկական եվրոպարտատոմսերը՝ վերջիններս հասանելի դարձնելով հայաստանյան ներդրողների համար: Բացի այդ, արտասահմանյան արժեթղթերում ներդրումներ կատարելու գործընթացում արժեթղթերի պահառությունը տարանջատված է լինելու բրոքերային գործառնությունից, ինչը նպաստելու է ռիսկերի նվազմանը, ինչպես նաև ներդրողի և բրոքերի միջև հնարավոր շահերի բախման վերացմանը»,– նշել է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության:

2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 408,09 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև