Արժեթղթերի շուկայի կապիտալացումը Հայաստանում 2013 թ.–ին գերազանցել է 60 մլրդ դրամը

20.01.2014 17:54
Արժեթղթերի շուկայի կապիտալացումը Հայաստանում 2013 թ.–ին գերազանցել է 60 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/.  Արժեթղթերի շուկայի կապիտալացումը Հայաստանում 2013 թվականի վերջին կազմել է 61.7 մլրդ դրամ` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 15.68 տոկոսով, լրագրողներին ասաց NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

«Շուկայի կապիտալացումն աճել է, և մեզ հաջողվել է 2013 թվականին հաղթահարել 60 մլրդ դրամի շեմը»,– ասաց Սարոյանը` ամփոփելով նախորդ տարվա արդյունքները։

Բաժնետոմսերով գործարքների համախառն ծավալը 2013 թվականի վերջի տվյալներով, կազմել է 1.49 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով մոտ 2.6 անգամ։ Գործարքներն իրականացվել են 7 էմիտենտների բաժնետոմսերով։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում կատարվել է 1.94 մլրդ դրամ ընդհանուր ծավալի 153 գործարք, ինչը 3.8 անգամ գերազանցում է նախորդ ցուցանիշը։ Միաժամանակ, 95.3 տոկոսը բաժին է ընկել արտարժույթով արտահայտված պարտատոմսերով առուվաճառքին։

ՌԵՊՈ–գործարքների թիվն անցյալ տարում կրճատվել է նախորդ ցուցանիշի համեմատ, սակայն գործարքների ծավալն աճել է։ Նախորդ տարի կատարվել է 942.97 մլն դրամի 11 ՌԵՊՈ–գործարք, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.5 անգամ։ Գործարքների թվի նվազումը Սարոյանը պայմանավորում է կորպորատիվ պարտատոմսերով առևտրի ակտիվությամբ։

Պետպարտատոմսերով գործարքների ծավալը կազմել է 15.1 մլրդ դրամ, ինչը 2012 թվականի ցուցանիշից ավելի է 3.6 անգամ։ Միաժամանակ, գործարքների 53.1 տոկոսը բաժին է ընկել միջնաժամկետ պետական պարտատոմսերով առևտրին, 43.9 տոկոսը` երկարաժամկետ, իսկ 2.9 տոկոսը` կարճաժամկետ պետպարտատոմսերով առևտրին։

Արտարժույթով առևտրի ծավալը (արտահայտված դրամով) կազմել է 292.5 մլրդ դրամ ($714,5 մլն), ինչը 3.6 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Սարոյանը, միաժամանակ, այդ նվազումը կապել է շուկայում առկա տատանումների հետ։

Բացի այդ, 2013 թվականին կատարվել է նաև 4 էմիտենտների պարտատոմսերի 5 թողարկումների լիստինգ, մեկ էմիտենտի պարտատոմսերի ևս 4 թողարկում առուվաճառքի թույլտվություն են ստացել։

«Մենք աճ ենք տեսնում, բայց առայժմ այն շատ մեծ չէ և ունի ընդլայնման ներուժ»,– ասել է հայկական բորսայի տնօրենը։

Խոսելով նախորդ տարում իրականացված նախագծերի մասին` Սարոյանը նշեց կենտրոնացված նոր դեպոզիտար համակարգի ներդրումը` դա ձեռքբերում անվանելով հաճախորդների սպասարկման մակարդակի բարձրացման բնագավառում։

Հաջորդ ձեռքբերումը, ըստ Սարոյանի, արժութային սվոփերի հարթակի գործարկումն է, որը շուկայի մասնակիցներին մատուցվող և գործածվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու հնարավորություն է ընձեռում։

Բացի այդ, նրա խոսքով, նախորդ տարվա վերջին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան դարձավ պետպարտատոմսերի ենթադեպոզիտարիա, ինչը դրան հնարավորություն տվեց միասնական համակարգով սպասարկել ինչպես կորպորատիվ բաժնետոմսեր և պարտատոմսեր, այնպես էլ պետական պարտատոմսեր` դրանով իսկ ընդլայնելով շուկայի մասնակիցների ծառայությունների ցուցակը։

Նա նշեց նաև, որ նախորդ տարվա դեկտեմբերից սկսել է գործել պարտադիր կենսաթոշակային համակարգի տեղեկատվական համակարգը, որի օգնությամբ ապագա կենսաթոշակառուները կկարողանան ընտրել իրենց կառավարիչ ընկերությունը։ Տվյալ համակարգի դրական որակների շարքում Սարոյանը նշեց դրա անվտանգության բարձր մակարդակը։

Հայկական ֆոնդային բորսայի տնօրենը նշեց նաև, որ դեկտեմբերին Clearstream Banking Luxemburg համակարգում բացվել է հաշվեհամար Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի անունով, որը հնարավորություն է ընձեռում ներդրողներին և ֆինանսական կազմակերպություններին արտասահմանյան բաժնետոմսերով ծառայություններ մատուցել։

Բացի այդ, Bloomberg և Тhomson Reuters միջազգային տեղեկատվական համակարգերում ներկայացվել է հայկական շուկայի մասին համապարփակ և ամբողջական տեղեկատվություն։ «Այժմ աղբյուրներում գործարկվել է «Հայկական շուկա» էջի փորձնական ծրագիրը, որը պարունակում է ամբողջական տեղեկություն կորպորատիվ արժեթղթերի, պետպարտատոմսերի թողարկումների մասին, եկամտաբերության կորը, արժույթների փոխարժեքները և այլ անհրաժեշտ տեղեկություն հայկական շուկան օտարերկրյա հաստատությունների դիլերների համար ավելի գրավիչ և հասանելի դարձնելու համար, ինչպես նաև ցույց տալու համար այն գործիքները, որ ունի Հայաստանը»,– ասաց նա։

ОАО NASDAQ OMX Армения (до 27 января 2009 года действующая как ОАО NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 406,25 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև