ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի կողմից արժանացավ «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչման

21.01.2014 10:22
ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի կողմից արժանացավ «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչման

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի կողմից արժանացավ «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչմանը` առաջ անցնելով իր մրցակիցներից, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

2013 թվականի արդյունքները ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ամփոփեց 2014թ. հունվարի 17-ին և հայտարարեց «Բորսայի լավագույն անդամ 2013» մրցանակաբաշխության հաղթողներին: Մրցանակը անվանակարգերի հաղթողներին հանձնեց Հայաստանի բանկերի միության տնօրեն Սեյրան Սարգսյանը:

«Բորսայի լավագույն անդամ 2013» մրցանակաբաշխությունն անցկացվում էր հինգ անվանակարգերում` Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում, Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում, Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում, Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում, Բորսայի լավագույն անդամ, որի շրջանակներում հաշվի է առնվում Բորսայի անդամների գործունեությունը բոլոր հարթակներում և ներդրումը բորսայական առևտրի զարգացման նախաձեռնություններում:

2010թ.-ին նույնպես «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել այս անվանակարգում, իսկ այս տարի որպես թեկնածու ներկայացված էր նաև «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում և «2013թ. բորսայի լավագույն անդամ» անվանակարգում:

«Մեզ համար հաճելի է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ «NASDAQ OMX Armenia» ֆոնդային բորսայի ակտիվ խաղացողներից և արժանացավ արտարժույթի շուկայում բորսայի լավագույն անդամ կոչմանը: Մենք մտադիր ենք հետագայում ևս կատարելագործել մեր կողմից տրամադրվող ֆինանսական ծառայությունների որակը և հասնել ֆոնդային բորսայում ավելի մեծ ակտիվության»,- նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը.

«Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև