ԱՄՀ–ն և Հայաստանի իշխանությունները համաձայնություն են ձեռք բերել 125 մլն դոլարի «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շուրջ

05.02.2014 14:47
ԱՄՀ–ն և Հայաստանի իշխանությունները համաձայնություն են ձեռք բերել 125 մլն դոլարի «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շուրջ

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՀ-ի աշխատակազմը ՀՀ իշխանությունների հետ համաձայնության է եկել «Երկարաձգվող ֆինանսավորմանե (EFF) 38-ամսյա ծրագրի հայտի շուրջ, որը սատարելու է կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) 2014-2017 թթ. ֆինանսատնտեսական ծրագիրը, հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Համաձայնությունը հիմնվում է նաև նախորդ տարվա սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին քաղաքականության շուրջ Երևանում կայացած քննարկումների վրա։

Աշխատակազմի մակարդակով համաձայնագիրը, ԱՄՀ-ի ղեկավարության կողմից հաստատվելու դեպքում, ԱՄՀ-ի գործադիր խորհրդի քննարկմանը կներկայացվի մարտի սկզբին: Ծրագրի շրջանակում Հայաստանը կկարողանա ԱՄՀ-ից ներգրավել մինչև 82.21 միլիոն ՓՀԻ (մոտավորապես 125 միլիոն ԱՄՆ դոլար) չափով վարկ՝ ելնելով կիսամյակային վեց ստուգումների արդյունքներից:

Առաջարկվող ծրագիրը հաջորդելու է ԱՄՀ-ի աջակցությամբ «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» համաձայնագրերի շրջանակում իրականացված եռամյա ծրագրի բարեհաջող ավարտին. այն ավարտվել է 2013 թ. հուլիսին: Նշված երկու համաձայնագրերի շրջանակում տրամադրվել է 266.80 միլիոն ՓՀԻ (մոտավորապես 410 միլիոն ԱՄՆ դոլար):

Նախօրեին Վաշինգտոնում ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ անցյալ տարվա հուլիսին ավարտված՝ ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակները հիմնականում իրագործվել են: Դրանց թվում էին՝ հարկաբյուջետային և արտաքին կայունության վերականգնումը, ֆինանսական կայունության պահպանումը, տնտեսական աճի վերականգնումը և աղքատության կրճատումը:

«Հիմնական ձեռքբերումներից էին 2009 թ. 14 տոկոս անկումից հետո տնտեսական աճի վերահաստատումը, բյուջեի և արտաքին ընթացիկ հաշվի պակասուրդների զգալի կոնսոլիդացման ապահովումը և մի շարք ոլորտներում կառուցվածքային բարեփոխումների խորացումը», – նշել է նա։

Սակայն, Հորթոնի խոսքերով, կայունությունը պահպանելու, խոցելիությունները մեղմելու և միջին ժամկետում աճն ավելացնելու հետ կապված հիմնական մարտահրավերները պահպանվում են

«Գնաճն ու տնտեսական աճը շարունակում են մնալ տատանողական. 2013 թ. տնտեսական աճը զգալիորեն դանդաղեց, արտաքին հաշվի պակասուրդի ու դոլարայնության բարձր մակարդակը պահպանվում են, ըստ այդմ՝ Հայաստանը խոցելի է ցնցումների նկատմամբ: Պահպանվում են նաև աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշները և անհրաժեշտ է խորացնել բարեփոխումները`տնտեսական աճը սատարելու և ամրապնդելու, ինչպես նաև շարունակելու Հայաստանի վերափոխումը դինամիկ և զարգացող շուկայական տնտեսության ուղղությամբ», – ասել է նա։

ԱՄՀ հայկական առաքելության ղեկավարը նշել է, որ հաշվի առնելով նշված մարտահրավերները՝ իշխանություններն ԱՄՀ-ի նոր ծրագրի հայտ են ներկայացրել: Հիմնական նպատակներն են`կայուն պետական ֆինանսների ապահովումն և աճի խթանմանն ու աղքատության կրճատմանն ուղղված ծախսերի համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծումը, դրամավարկային և ֆինանսական հատվածի քաղաքականության շարունակումը։

«Ակնկալվում է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը 2014 թ. տնտեսության համար խթան կստեղծի, քանի որ կապիտալ ծախսերին կուղղվեն լրացուցիչ ներքին ռեսուրսներ, իսկ քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը և կենսաթոշակները կբարձրացվեն՝ մի քանի տարի շարունակ արժենվազումից հետո»,– ասել է նա։

«Ակնկալվում է, որ պակասուրդի ցուցանիշը (առանց միանգամյա տրանսֆերտի) 2013 թ. ՀՆԱ-ի 1.0 տոկոսից ցածր ցուցանիշից (նախնական) 2014 թ. կբարձրանա՝ կազմելով 2.3 տոկոս: Այնուհետև 2015 թ. այն կվերադառնա 2.0 տոկոս և 2016-17 թթ.` 1.8 տոկոս մակարդակի, որի պայմաններում արդեն պետական պարտքը կսկսի նվազեցվել», – նշել է նա։

Հորթոնի խոսքերով` ծրագրի շրջանակում դրամավարկային քաղաքականության ուղղությամբ իրականացվող ջանքերը կշարունակեն նպատակաուղղված լինել գնաճի պահպանմանը ՀՀ ԿԲ գնաճի նպատակային միջակայքում՝4՞1.5 տոկոս։

«Ակնկալվում է, որ ՀՀ ԿԲ-ն կշարունակի փոխարժեքի գործող քաղաքականությունը՝ թույլ տալով դրամը լողա, սակայն ըստ հնարավորության, օգտագործելով նաև արտարժույթ գնելու առիթները՝ միաժամանակ արտարաժութային իրացվելիություն ապահովելով այն դեպքերում, երբ անհրաժեշտ է խուսափել փոխարժեքի կտրուկ փոփոխություններից: Ծրագրի թիրախը կլինի արտարժութային պահուստների ամուր ծածկույթի ապահովումը», – նշել է նա։

ԱՄՀ հայկական առաքելության ղեկավարը նշել է նաև, որ ֆինանսական հատվածի քաղաքականությունը նպատակաուղղված կլինի ճկունության, ռիսկերի գնահատման և զսպման, ինչպես նաև վերահսկողության ամրապնդմանը՝ մասնավորապես հաշվի առելով դոլարայնացման բարձր մակարդակը:

«Ակնկալվում է, որ կենսաթոշակային նոր համակարգի մեկնարկն 2014 թ. սկզբին ֆինանսական հատվածի զարգացմանը ազդակ կհաղորդի. մյուս ուղղություններով ծրագրի միջոցառումները կօժանդակեն ֆինանսական հատվածի խորացմանը», – ասել է նա։

Հորթոնը կարծում է, որ անհրաժեշտ են հետագա, վճռական կառուցվածքային բարեփոխումներ՝ ավարտելու Հայաստանի հետ-ճգնաժամային վերափոխումը շինարարությամբ առաջնորդվող աճի մոդելից ավելի բաց, ինտեգրված և մրցունակ զարգացող շուկայի: Նշված բարեփոխումները կօգնեն տնտեսության դիվերսիֆիկացմանը և աճը կդարձնեն պակաս տատանողական:

«Իշխանությունները համապարփակ մոտեցում են ներկայացրել իրենց նոր՝ «2014-25 թթ. ՀՀ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում», և նոր ծրագիրը կօժանդակի այս ռազմավարական ծրագրի իրականացմանը՝ թիրախավորելով կառուցվածքային միջոցառումները, որոնք կշարունակեն գործարար միջավայրի բարելավումը, հաստատությունների ամրապնդումը, կապակցվածության և մրցակցության ամրապնդումը, օտարերկրյա ուղղակի ներդրումների համար ավելի ամուր հիմքով միջավայրի ստեղծումը և հիմնական ռիսկերի դիմագրավումը՝ հատկապես էներգետիկայի ոլորտում», – ասել է նա։

Այս կապակցությամբ ԱՄՀ հայկական առաքելության ղեկավարը նշել է, որ նշված ջանքերը կհանգեցնեն ավելի բարձր ներդրումների և արտահանման և կնպաստեն արտաքին ընթացիկ հաշվի պակասուրդի հետագա ճշգրտմանը՝ 2017 թ. մինչև ՀՆԱ-ի 6,5 տոկոսը՝ այդպիսով կրճատելով խոցելիությունը:
Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեում ՀՆԱ–ի աճը նախատեսված է 6,2 տոկոսի սահմանում, իսկ գնաճը` 4 տոկոսի (՞1,5%) սահմանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև