Ազգային հիփոթեքային ընկերությունը NASDAQ OMX Armenia–ի հարթակում 1 մլրդ դրամի իններորդ թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել

06.02.2014 13:40
Ազգային հիփոթեքային ընկերությունը NASDAQ OMX Armenia–ի հարթակում 1 մլրդ դրամի իններորդ թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ազգային հիփոթեքային ընկերությունը (ԱՀԸ) նախօրեին NASDAQ OMX Armenia–ի հարթակում 1 մլրդ դրամի իններորդ թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել։ Պարտատոմսերը տեղաբաշխվել են փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով,«ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ԱՀԸ–ի մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության` տեղաբաշխվել է 100 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով, 12 ամիս ժամկետայնությամբ, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմս։ Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել են բորսայի թվով 4 անդամներ։

Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 924,419,680 ՀՀ դրամ, իսկ բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 741,058,200 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.6766%, սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 8.8013%

«Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքված գումարներն ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՓԲԸ-ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, որը գրանցվել է և արտոնագրվել է ՀՀ ԿԲ–ի կողմից 2011 թ.–ի հոկտեմբերի 19–ին 1/1167А որոշմամբ։ Ընկերության միակ բաժնետերն ու հիմնադիրը ՀՀ կենտրոնական բանկն է։ ($1-410,15 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև