Ֆինանսական համակարգի կայուն զարգացումը և դիվերսիֆիկացումը ՀՀ ԿԲ ռազմավարության առանցքային ուղղություններն են. Ջավադյան

07.02.2014 13:26
Ֆինանսական համակարգի կայուն զարգացումը և դիվերսիֆիկացումը ՀՀ ԿԲ ռազմավարության առանցքային ուղղություններն են. Ջավադյան

ԾԱՂԿԱՁՈՐ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ֆինանսական համակարգի կայուն զարգացումը և դիվերսիֆիկացումը ՀՀ ԿԲ ռազմավարության առանցքային ուղղություններն են,  ասաց հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Այս նպատակներին հասնելու համար կարևոր նախապայման է մեր երկրում կապիտալի զարգացած շուկայի առկայությունը։ Այդ իմաստով կապիտալի շուկայի զարգացումը եղել և մնում է մեր գերակա խնդիրներից մեկը, և ԿԲ–ն այդ ուղղությամբ ակտիվ ջանքեր է գործադրում շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ»,– ասաց նա ուրբաթ Ծաղկաձորում անցկացվող «Հայաստանի կապիտալի շուկա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովի ընթացքում։

Նրա խոսքով` մասնավորապես, լուրջ առաջընթաց է գրանցվել ինստիտուցիոնալ և շուկայական ենթակառուցվածքների զարգացման գործում։

«Մենք մշտապես խրախուսում ենք ներդրողներին և էմիտենտներին ներդրումային հնարավորությունների ընդլայնման գործում արժեթղթերի թողարկման և թղթերում ներդրումների խթանման միջոցով։ Մենք բանակցություններ ենք վարել և Հայաստան ենք հրավիրել մի շարք վարկանիշային կազմակերպություններ, և արդեն համագործակցության առաջարկ ենք ստացել միջազգային Fitch գործակալությունից»,– ասաց նա։

Ջավադյանի խոսքով, մեծ աշխատանք է տարվել նաև ներդրողների, էմիտենտների և հասարակայնության լայն շերտերի իրազեկության բարձրացման ուղղությամբ Հայաստանի կապիտալի շուկայի մասին։

ԿԲ ղեկավարն ընդգծեց, որ կապիտալի շուկայի հետագա զարգացումն ընդգրկում է, մասնավորապես, տեղական կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ձևավորումը, իսկ վերջնական նպատակը բաժնետոմսերի լիկվիդային շուկայի ձևավորումն է նոր կապիտալների ներգրավման համար։

«Մեր օրակարգում տարածաշրջանային հնարավորությունների ստեղծումն է, մասնավորապես, Վրաստանի և Ռուսաստանի հետ»,– ասաց նա։

ԿԲ նախագահը նշեց, որ վերջին ժամանակներում գլոբալ և զարգացող շուկաներում ստեղծված անկայուն իրավիճակը կարող է նպաստել նոր շուկաներում կապիտալի հոսքերի կրճատմանը։

Ջավադյանի խոսքով`մեծ թվով ներդրողների ներգրավման համար Հայաստանը պետք է ապահովել գերազանցող աճ խոշոր շուկաների նկատմամբ, իսկ ներդրումների հարցում, նախևառաջ, հիմնվել ներքին կուտակումների վրա։

«Եվ մենք մտադիր ենք դա իրականացնել»,– ասաց նա։

Համաժողովին մասնակցում են Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՎԶԵԲ տեղական արժութային շուկաների և կապիտալի շուկայի զարգացման բաժնի ղեկավար Անդրե Կուուսվեկուն, NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, մի շարք հայկական բանկերի ղեկավարներ, համաշխարհային ֆինանսական առաջատար կառույցների ներկայացուցիչներ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև