IFC–ն նախատեսում է ընդլայնել իր մատուցած ծառայությունները Հայաստանում ներդրումային մթնոլորտի բարելավման նպատակով. Լյուբեկ

11.02.2014 15:58
IFC–ն նախատեսում է ընդլայնել իր մատուցած ծառայությունները Հայաստանում ներդրումային մթնոլորտի բարելավման նպատակով. Լյուբեկ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. IFC–ն նախատեսնում է ընդլայնել խորհրդատվական ծառայությունները` ներդրումային միջավայրի բարելավման նպատակով` շեշտը դնելով ագրոարդյունաբերական և ֆինանսական հատվածների, ինչպես նաև  վերականգնվող էներգետիկայի ոլորտի վրա։

«Ֆինանսական հատվածին տրամադրվող մշտական աջակցությանը զուգընթաց IFC–ն կձգտի ավելացնել իր պորտֆելը ոչ ֆինանսական հատվածում մրցունակ ոլորտներում (լեռնահանքային արդյունաբերություն և ագրոբիզնես) արվող ներդրումների հաշվին», – «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է IFC–ի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեկը։

Նրա խոսքերով` Կորպորացիան ներդրումների և խորհրդատվական ծառայությունների համատեղման միջոցով աջակցում է այն ոլորտներին, որոնք տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման շարժիչ ուժն են։

1995 թ.–ից IFC մոտ 271 մլն դոլար է ներդրել 44 նախագծերի շրջանակներում մի շարք ոլորտներում, որոնց թվում են ֆինանսական շուկաները, ինչպես նաև հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը  և անշարժ գույքի և ծառայությունների ոլորտը։ IFC –ն արդեն խորհրդատվական ծառայություններ է մատուցում ֆինանսական հատվածի, կայուն էներգետիկայի, ձեռնարկատիրական գործունեության և սննդամթերքի անվտանգության հարցերով։

IFC–ի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային ղեկավարը նաև նշել է, որ վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանում հաջող իրականացնելով իր ներդրումային ծրագիրը` IFC–ն առաջիկա տարիներին մտադիր է շարունակել ակտիվ ներդրումներ կատարել։ Նրա խոսքերով` Հայաստանում IFC–ի ընթացիկ պորտֆելը կազմում է 146,5 մլն դոլար։ Միաժամանակ նախորդ ֆինանսական տարվա ընթացքում, որն ավարտվել է 2013 թ.–ի հունիսի 30–ին, IFC–ն Հայաստանում ներդրել է մոտ 33 մլն դոլար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև