Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկայի կապիտալացումը 2014 թ.–ին կարող է հասնել 70 մլրդ դրամի. NASDAQ OMX Արմենիա

19.02.2014 14:01
Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկայի կապիտալացումը 2014 թ.–ին կարող է հասնել 70 մլրդ դրամի. NASDAQ OMX Արմենիա

Ինչպիսի՞ն են հայկական բորսայի և կապիտալի շուկայի հեռանկարները, ի՞նչ միտումներ և նոր ծառայություններ պահանջված կլինեն 2014 թ.–ին։ Այս և այլ հարցերի մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է NASDAQ OMX Արմենիա բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

ԱՌԿԱ - Պրն. Սարոյան, Հայաստանին հարկավո՞ր է ֆոնդային բորսան, և ի՞նչ գործառույթներ է այն հիմա իրականացնում։

Սարոյան – Իմ կարծիքով` անշուշտ հարկավոր է։ Այսօր մենք կազմակերպված շուկայի օպերատորն ենք, և մեր հիմնական գործառույթը շուկայի մասնակիցների համար տեխնոլոգիական հարթակի տրամադրումն է, որպեսզի նրանք կարողանան ավելի հարմար կերպով զբաղվել իրենց ունեցած գործիքների առուվաճառքով զբաղվել։ Բացի այդ, կապիտալի շուկայի զարգացման կապակցությամբ բորսան պետք է ևս որոշակի կարգավորող մարմնի գործառույթ կատարի։

ԱՌԿԱ - Կապիտալի շուկայի ակտիվացում նկատվու՞մ է, և ի՞նչ նոր հնարավորություններ կան շուկայի զարգացման համար

Սարոյան - Զարգացում կա, ինչի մասին վկայում է փետրվարի 7–ին Ծաղկաձորում անցկացված «Հայաստանի կապիտալի շուկա» խորագրով համաժողովը, որը համախմբեց շուկայի` Հայաստանով հետաքրքրված բազմաթիվ օտարերկրյա խոշոր դերակատարների։

Նոր հնարավորություններից ցանկանում եմ նշել, որ այս տարի մեզ մոտ մեկնարկում է կենսաթոշակային բարեփոխումը, որի ակունքներում կանգնած է եղել NASDAQ OMX Արմենիան։ Բացի այդ, այս տարի մենք կապահովենք փոխադարձ հաշվարկներ (Settlements) օտարերկրյա մասնակիցների համար։ Դա նշանակում է, որ օտարերկրյա ներդրողները կկարողանան ավելի հեշտացված ռեժիմով գնել հայկական արժեթղթեր։ Մենք նաև գործարկել ենք մի քանի նոր գործիքներ, օրինակ` արժութային սվոպը։

Բացի այդ, այսօր շատ լավ զարգանում է կորպորատիվ պարտատոմսերի շուկան, և միջազգային ֆինանսական կազմակերպություններն արդեն սկսում են թողարկել այդ պարտատոմսերը։ Այս տեսակետից առաջընթացը ակնհայտ է, և անձամբ ես ակնկալում եմ, որ 2014 թ.–ին կգրանցվի բավականին սրընթաց աճ։

ԱՌԿԱ - Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած Հայաստանի կապիտալի շուկայի առջև 2014 թ.–ին, և ինչո՞վ են դրանք տարբերվում 10 տարվա վաղեմության իրավիճակից։

Սարոյան – Սկզբի համար մենք ամբողջովին արդիականացրեցինք ենթակառուցվածքը, և բացի տեխնոլոգիական հարթակներից, ինչպես ես արդեն նշեցի, 2014 թ.–ին մենք նախատեսում ենք գործարկել Clearstream Banking Luxemburg Clearstream Deutsche Börse Group–ի և մեր դեպոզիտարիայի միջև փոխադարձ կապ, ինչը կապահովի արժեթղթերի երկկողմ հոսքի հնարավորություն։ Դա թույլ կտա մեր ներդրողներին դիվերսիֆիկացնել իրենց ակտիվներն ու ներդնել միջոցները օտարերկրյա արժեթղթերում, պահել դրանք սեփական հաշիվների վրա, և հակառակը` թույլ կտա օտարերկրյա ներդրողներին ներդնել լոկալ արժեթղթեր և պահել դրանք սեփական հաշիվների վրա։

Բացի այդ, հենց նույն կենսաթոշակային բարեփոխումը կապահովի կապիտալի լրացուցիչ հոսք, որը, համապատասխանաբար, կմեծացնի պահանջարկը տվյալ պրոդուկտների նկատմամբ։ Միաժամանակ մենք աշխատում ենք միջազգային կազմակերպությունների հետ նոր գործիքների և ֆինանսավորման նոր մեխանիզմների, հատուկ գործիքների ներդրման ուղղությամբ, որոնք ևս կխթանեն կապիտալի շուկան։ 2014 թ.–ին նախատեսում ենք գործարկել NASDAQ նոր առևտրային համակարգը, որն աշխարհում լավագույններից մեկն է։ Այս առևտրային համակարգը տեխնոլոգիական հարթակ է, որը հասանելի է դարձնում մեր շուկան օտարերկրյա մասնակիցների համար։

ԱՌԿԱ - Օտարերկրյա ներդրողները հետաքրքրություն դրսևորու՞մ են մեր արժեթղթերի նկատմամբ։

Սարոյան – Հետաքրքրություն կա, և այս մասին վկայում է Հայաստանում վերջերս անցկացված «Հայաստանի կապիտալի շուկա» խորագրով համաժողովի ժամանակ օտարերկրյա ներդրող բանկիրների ակտիվ մասնակցությունը։ Նման մասշտաբի բանկիրները պարզապես ժամանակ չէին վատնի։ Նրանց հետաքրքիր է երկիրը և առաջին հերթին պետական պարտատոմսերը, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների պարտատոմսերն ու կորպորատիվ պարտատոմսերը, հատկապես` դոլարով նոմինացված պարտատոմսերը, որոնք նվազեցնում են արժութային ռիսկը։

ԱՌԿԱ – Առաջիկայում IPO շուկա որևէ հայկական ընկերության մուտքի ծրագրեր կա՞ն, այդ ուղղությամբ բանակցություններ ընթանու՞մ են։

Սարոյան – Բանակցություններ մշտապես ընթանում են և ամեն պահի 2-3 ընկերություն հետաքրքրություն է ցուցաբերում, սակայն հետո նրանց մոտ այդ հետաքրքրությունն անցնում է։

ԱՌԿԱ – Իսկ դա ինչի՞ հետ է կապված։

Սարոյան  – Հիմնական խնդիրը ընկերությունների մոտ երկարատև ռազմավարության բացակայությունն է։ Մարդիկ կարճաժամկետ կտրվածով գիտակցում են, որ դա լավ է, սակայն երբ սկսում են հաշվարկել, հասկանում են, որ կարճաժամկետ շահավետ չէ, իսկ երկարաժամկետ ռազմավարություն չկա։ Այդ պատճառով հետաքրքրությունը մարում է, սակայն դա ժամանակավոր է։ Ես տեսնում եմ կապիտալի շուկայի զարգացումը կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացման միջոցով։

ԱՌԿԱ – Իսկ ե՞րբ են ակնկալվում փոփոխություններ այդ ուղղությամբ։

Սարոյան  – Կարծում եմ, որ արդեն այս տարի փոփոխություններ կլինեն։ Մենք արդեն տեսնում ենք, որ նախորդ տարի կորպորատիվ պարտատոմսերի ոլորտում գրանցվել է բավականին լուրջ աճը, սակայն այս տարի մենք ակնկալում ենք ինչպես շրջանառության, այնպես էլ ծավալների ցուցանիշի եռակի աճ` նախորդ տարվա համեմատ։

ԱՌԿԱ – Հաշվի առնելով այն, ինչ Դուք ավելի վաղ ասել եք` Հայաստանում 2013 թ.–ին արժեթղթերի շուկայի կապիտալացումը գերազանցել է 60 մլրդ դրամը, ինչպիսի՞ն կլինի այդ ցուցանիշի դինամիկան 2014 թ.–ին։

Սարոյան– Կանխատեսումներ չանեմ, քանի որ հիմնական խոսքը բաժնետոմսերի մասին է, այդ պատճառով այս տեսակետից դժվար է կանխատեսել։ Սակայն կարծում եմ, որ մինչև 70 մլրդ դրամի կարող ենք հասնել։ Սակայն ամենայն հավանականությամբ աճ կգրանցվի ոչ թե կապիտալացման կամ բաժնետոմսերի ոլորտում, այլ կորպորատիվ պարտատոմսերում, որոնք կաճեն նվազագույնը երեք անգամ։

ԱՌԿԱ – Կոնկրետ ու՞մ հետ է կնքվել հայկական եվրապարտատոմսերի 300 մլն դրամի գործարքը։ Առաջիկայում նոր գործարքներ ակնկալվու՞մ են, եթե` այո, ապա ո՞ր ընկերությունների հետ։

Սարոյան – Դա փակ տեղեկատվություն է, սակայն այդ առաջին գործարքից հետո հայկական եվրապարտատոմսերի ցուցակման առաջին օրը կնքվել են նաև այլ գործարքներ։ Բացի այդ, առաջիկայում բորսայում նախատեսվում են նաև հայկական եվրապարտոմսերով գործարքներ։

ԱՌԿԱ – Կարելի՞ է պնդել, որ բորսան կապում է շուկայի զարգացումը ներդրվող կենսաթոշակային համակարգի հետ։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի շուրջ։

Սարոյան – Բորսայի տեսակետից կարծում եմ, որ դա շատ ճիշտ որոշում է, որը կխթանի կապիտալի շուկայի զարգացումը, և այն միանշանակ կհանգեցնի Հայաստանի տնտեսության զարգացման։ Հիշեցնեմ, որ NASDAQ OMX–ը կանգնած է եղել այդ բարեփոխման ակունքներում, այդ պատճառով դա մասամբ մեր առաջարկած մոդելն է։ Բացի այդ, մենք զբաղվում ենք նաև այդ լուծման տեխնոլոգիական մշակմամբ։ Տեխնոլոգիական համակարգը մշակել է NASDAQ OMX–ը, իսկ բիզնես գործընթացները մշակվել են ԿԲ–ի և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ։

Իմ անձնական դիրքորոշումը շատ ավելի դրական է, քանի որ ես վերաբերվում եմ համակարգին ոչ թե որպես իմ միջոցների ընտրության եղանակ։ Դա այն համակարգն է, որը ինձ խթանում է, թեկուզ ստիպողաբար, խնայողություններ անել։  Չնայած նրան, որ ես ունեմ բարձրագույն կրթություն և տնտեսագիտության թեկնածու եմ, բանկերում աշխատել եմ ավելի քան 10 տարի, Ֆոնդային բորսայի տնօրեն եմ և գիտեմ, թե ինչ են ֆինանսական գործիքները, այնուամենայնիվ, ինձ մոտ անձամբ, ինչպես շատերի մոտ, հաճախ չի ստացվում խնայողություններ կուտակել։ Իսկ դա միջոցների կուտակման մեխանիզմ է։ Այո, ստիպողական, սակայն կկուտակվեն մեր սեփական միջոցները անձնական հաշիվների վրա` լինեն դրանք բանկային, թե կենսաթոշակային հաշիվներ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև