ՀՀ ԿԲ–ն 2014 թ.–ին միջին ամսական անվանական աշխատավարձի 13 տոկոսի աճ է կանխատեսում` 2013 թ.–ին գրանցված 6,5 տոկոսի համեմատ

26.02.2014 14:50
ՀՀ ԿԲ–ն 2014 թ.–ին միջին ամսական անվանական աշխատավարձի 13 տոկոսի աճ է կանխատեսում` 2013 թ.–ին գրանցված 6,5 տոկոսի համեմատ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն 2014 թ.–ին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձի 13 տոկոսանոց աճ է կանխատեսում` 2013 թ.–ին գրանցված 6,5 տոկոսի համեմատ։ Այս մասին նշվում է գնաճի վերաբերյալ կարգավորիչի հաշվետվության մեջ, որը կազմվել է 2014 թ. առաջին եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի հիման վրա։

2014 թ.–ի ընթացքում անվանական աշխատավարձի աճի տեմպերի արագացմանը հիմնականում կնպաստի երրորդ եռամսյակում նախատեսված նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը` 45 հազարից մինչև 50 հազար դրամ և պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի էական աճը։

«Պետական հատվածի աշխատավարձերի աճը կհանգեցնի մասնավոր հատվածի աշխատավարձերի որոշակի աճի` պայմանավորված երկու հատվածների միջև միջճյուղային մրցակցությամբ: Մասնավոր հատվածի ձեռնարկություններում ավելացված միավոր աշխատուժի ծախսերի հետևանքով տարվա երկրորդ կիսամյակում սպառողական շուկայում գնահատվում են թույլ գնաճային ճնշումներ՝ մոտ 0.2 տոկոսային կետի չափով», – նշվում է հաշվետվության մեջ։

Միաժամանակ ինչպես կարծում են ԿԲ–ում, 2014 թ.–ին սպասվող տնտեսական աճի պայմաններում ակնկալվում է գործազրկության մակարդակի նվազման միտման պահպանում: Այսպես, ըստ ԿԲ–ի գնահատականների` 2014 թվականին գործազրկության միջին մակարդակը կկազմի 14.9%՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0.9 տոկոսային կետով: 2015-16 թթ.կանխատեսվող տնտեսական աճի պայմաններում կշարունակվի գործազրկության կայուն նվազման միտումը:

ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն` Հայաստանում 2013 թ.–ին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ 160 հազար դրամ, միաժամանակ պետական հատվածի աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ 141,8 հազար դրամ, իսկ մասնավոր հատվածի աշխատողներինը` մոտ 186 հազար դրամ ($1 – 412,73 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև