Կենսաթոշակային բարեփոխումը երկրի ապագայի պարզ ուրվագծեր է ներկայացնում, իսկ դրա իրականացման համար պատասխանատվությունը կրում են քաղաքացիները. ԿԲ փոխնախագահ

27.02.2014 15:32
Կենսաթոշակային բարեփոխումը երկրի ապագայի պարզ ուրվագծեր է ներկայացնում, իսկ դրա իրականացման համար պատասխանատվությունը կրում են քաղաքացիները. ԿԲ փոխնախագահ

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում, և նման վերաբերմունքի պատճառներից մեկը իրականացվող բարեփոխումների նկատմամբ վստահության բացակայությունն է։ Ներդրվող համակարգի երաշխիքների և առկա ռիսկերի, կառավարող ընկերությունների ընտրության հարցերին և կենսաթոշակային բարեփոխմանը վերաբերող այլ գործոններին է անդրադարձել ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը «ԱՌԿԱ» գործակալության թղթակցի հետ զրույցում։

«ԱՌԿԱ» - Պրն. Երիցյան, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի ընդունումից հետո հասարակությունում բողոքի ալիք բարձրացավ։ Բարեփոխման նկատմամբ հիմնական պահանջը դարձավ դրա պարտադիր բաղադրիչը։ Ձեր կարծիքով` որքանո՞վ է արդարացված պարտադիր բաղադրիչը կենսաթոշակային համակարգում։

Ն. Երիցյան - Այն երկրները, որոնք ներդրել են կուտակային կենսաթոշակային համակարգը կամավոր կարգով, հաջողության չեն հասել։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կամավոր սկզբունքով նման համակարգերի մասնակիցների թիվը  չի հասել նույնիսկ 50 տոկոսի։ Երբ մեծամասնությունը չի օգտվում համակարգից, դա տալիս է զրոյական արդյունք։ Մեր առջև ունենալով կուտակային կենսաթոշակային համակարգերի համաշխարհային փորձը` մենք հասկացանք, որ արդյունավետ համակարգ ստեղծելու համար հարկավոր է, որպեսզի բարեփոխմանը մասնակցեն բոլորը։ Եվս մեկ բան, եթե մասնակիցների թիվը մեծ չէ, ապա չի կարելի ստեղծել լիարժեք համակարգ և սպասել օգուտի։

«ԱՌԿԱ» - Բողոքային տրամադրություններում մշտապես առկա է անվստահության գործոնը։ Ինչի՞ հետ է դա կապված, և ի՞նչ երաշխիքներ  կարող է տալ պետությունը։

Ն. Երիցյան - Ամեն մեկը ինքն է որոշում վստահության չափանիշներն ու սահմանները։ Կենսաթոշակային համակարգը մի համակարգ է, որի միջոցով մենք ապագայի նկատմամբ վստահություն ենք կառուցում, քանի որ սկսում ենք կոնկրետ սահմանել այդ ապագան և կոնկրետ ինստիտուտների միջոցով կառուցել այն։ Այս ամենը վստահություն ձեռք բերելու լավագույն միջոցն է, մենք կարող ենք ունենալ տարբեր դիրքորոշումներ, մոտեցումներ, սակայն այսօրվա մարտահրավերների դեպքում, հրատապության և ռիսկերի տեսակետից,  մենք պետք է թողնենք մեր «ես»–ն ու շարժվենք այդ ուղղությամբ։ Մեր հասարակությունում կոնֆլիկտ է ծագել, որը, ինչպես թվում է բողոքողներին, վստահության բացակայությունն է։ Սակայն խնդիրը դա չէ, խնդիրը սեփական ապագայի համար պատասխանատվություն ստանձնելն է։ Դա շատ դժվար է, սակայն ապագայի մոդելը, որը մենք սահմանել ենք, վստահության ձևավորման ճանապարհն է։ Մենք կարծում ենք, որ բարեփոխումը կհանգեցնի քաղաքացիների մտածողության փոփոխության։ Ինչ վերաբերում է երաշխիքներին, նշեմ, որ մենք բարեփոխման նախապատրաստման համար ծախսել ենք 10 տարի` միջազգային փորձագետների, բարձրակարգ պրոֆեսիոնալների ներգրավմամբ, ովքեր խոշոր ակտիվներ են կառավարում։ Հիշեցնեմ նաև, որ կուտակված ակտիվները կուտակողի սեփականությունն են, որի սեփականատիրական իրավունքները պաշտպանված են օրենքով։

«ԱՌԿԱ» - Կցանկանայինք լսել Ձեր կարծիքը խնդրի սոցիալական ենթատեքստի վերաբերյալ։ Կարծիք է շրջանառվում, որ կենսաթոշակային համակարգը նպատակահարմար չէ երկրում տիրող ոչ այնքան բարենպաստ սոցիալական իրավիճակի պայմաններում և կարող է հանգեցնել իրավիճակի վատացման։

Ն. Երիցյան - Բոլոր երկրները, որոնք ներդրել են պարտադիր կուտակային սխեմաները, արել են դա` լինելով ցածր եկամուտներով երկիր։ Եվ այն, որ նրանք չեն եղել հարուստ երկրներ, դարձել է հաջողության հասնելու պատճառներից մեկը։ Ասվածին որպես օրինակ կարող է ծառայել հետպատերազմյան Գերմանիայի փորձը։ Իրականում պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման առավելությունները գերազանցում են ծախսերը։

 «ԱՌԿԱ» - Այսօր շատ է խոսվում կենսաթոշակային ֆոնդի ընտրության խնդրի մասին։ Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ։

Ն. Երիցյան - Ակտիվների կառավարիչներն ունեն միանման որակավորում, կուտակային ֆոնդերը գրեթե նույնն են, և դրանց վճարները ևս նույնն են։ Միաժամանակ եթե մասնակիցը սկզբնական փուլում բավարար գիտելիքների բացակայության պատճառով չի կարողանում կողմնորոշվել ֆոնդի հարցում, ապա նրա փոխարեն կարող է ավտոմատ ընտրություն կատարվել` պատահականության սկզբունքով։ Սակայն մարդը հետագայում հնարավորություն ունի ցանկացած պահի փոխել ֆոնդն ու տեղափոխել իր ակտիվները մեկ պորտֆելից մյուսը։ Այսինքն, նրան կողմնորոշվելու համար ժամանակ է տրվում, կա ֆոնդերը փոխելու հնարավորություն։ Կենսաթոշակային համակարգ ներդրած երկրների փորձը ցույց է տալիս, որ սկզբում մասնակիցների միայն 1–5 տոկոսն է ինքնուրույն ընտրություն կատարում, մնացածի ընտրությունը կատարվում է ավտոմատ կերպով։

«ԱՌԿԱ» – Նախատեսվու՞մ է խորհրդատվություններ և այլ միջոցառումներ անցկացնել համակարգի մասնակիցների իրազեկվածությունը բարձրացնելու համար։

Ն. Երիցյան - Յուրաքանչյուր ֆոնդի և առաջարկվող կուտակային պորտֆելների մասին տեղեկատվությունը հասանելի է։ Ակտիվների կառավարիչները տեղեկատվություն են տեղադրել այն մասին, թե որտեղ և ինչ ծավալներով են ներդրվելու միջոցները։ Ինչ վերաբերում է ֆոնդի ընտրության հարցում ցուցաբերվող օգնությանը, ապա նշեմ, որ ցանկացողները կարող են դիմել անկախ ֆինանսական խորհրդատուների։ Ակտիվների կառավարիչները, օպերատորները, կառավարությունն իրավունք չունեն նման խորհրդատվություն տրամադրել, քանի որ դա կարող է ընկալվել որպես այս կամ այն ֆոնդն ընտրելու պարտադրանք։ Սա ամեն մարդու անձնական, գիտակցված ընտրությունն է, և եթե նա այդ ամենի համար չունի բավարար ֆինանսական գիտելիքներ, ապա կարող է ընտրության հարցում մի քանի տարի սպասել։ Ակնհայտ է, որ սկզբում որոշ բարեփոխումներ դժգոհություն են առաջացնում, սակայն մենք երկար ենք աշխատել այս համակարգի ուղղությամբ, որպեսզի այն արդյունավետ լինի։ Մենք իրականացրել և իրականացնելու ենք քաղաքացիների իրազեկվածության աշխատանք, որպեսզի մարդիկ գիտակցեն ներդրվող կենսաթոշակային համակարգի հնարավոր ռիսկերը, երաշխիքներն ու առավելությունները։–0–

 


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև