ԴՊՀ ղեկավար Ջանեթ Յելեն. Դրամային գերատեսչությունը միջոցներ չունի Bitcoin–ը վերահսկելու համար

28.02.2014 12:13
ԴՊՀ ղեկավար Ջանեթ Յելեն. Դրամային գերատեսչությունը միջոցներ չունի Bitcoin–ը վերահսկելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը միջոցներ չունի Bitcoin էլեկտրոնային արժույթի վերահսկման համար, հայտնել է ԴՊՀ ղեկավար Ջանեթ Յելենն ԱՄՆ սենատի բանկային կոմիտեի առջև իր ելույթում, հաղորդում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

Յելենը պարզաբանել է, որ «Bitcoin–ը գոյություն ունի ամբողջովին բանկային ինդուստրիայից դուրս»։ «Որքանով կարող եմ դատել, չկա որևէ շփում Bitcoin–ի և ԱՄՆ ԴՊՀ իրավասության տակ գտնվող բանկերի միջև։ Այդ պատճառով մենք պարզապես չունենք լիազորություններ ինչ–որ ձևով կարգավորելու և հետևելու տվյալ արժույթին»,– ասել է նա։

Bitcoin–ն ապակենտրոնացված էլեկտրոնային վճարային համակարգ է, որը չունի ադմինիստրատոր կամ դրա որևէ նմանակ։ Այդ համակարգի հաշվարկային միջոցները` բիտկոինները, կարող են օգտագործվել ապրանքների և ծառայությունների էլեկտրոնային վճարման համար այն վաճառողների մոտ, ովքեր պատրաստ են դրանք ընդունել։

Բացի այդ, կա բիտկոինը սովորական փողով փոխարինելու հնարավորություն առուվաճառքի մասնագիտացված հարթակների կամ փոխանակիչների միջոցով։ Սովորական էլեկտրոնային փողից դրանց առանցքային տարբերությունն արժույթի անանուն լինելն է, քանի որ նոր բիտկոինների թողարկումը կարող է կատարվել ցանկացած մեկի կողմից, ով կատարում է համակարգի բոլոր անհրաժեշտ պայմանները։

Արժույթի անանուն լինելն այն պատճառներից մեկն է, որով կառավարությունները հրաժարվում են այն դիտարկել որպես լեգիտիմ ֆինանսական գործիք։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև