Ռուսական ռուբլու արժեզրկումը կարող է բացասաբար ազդել Հայաստանի տնտեսության վրա. նախարար

06.03.2014 16:13
Ռուսական ռուբլու արժեզրկումը կարող է բացասաբար ազդել Հայաստանի տնտեսության վրա. նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի իրադարձությունները և դրա հետ կապված` ռուսական ռուբլու արժեզրկումը, կարող են բացասաբար ազդել հայկական տնտեսության վրա, հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հինգշաբթի կառավարության նիստից հետո։

«Նախևառաջ, դա վերաբերում է տրանֆերտներին, քանի որ արժեզրկված ռուբլու դեպքում մենք ավելի քիչ տրանսֆերտներ ենք ստանում։ Երկրորդ, մենք կարող ենք արտահանման հետ կապված խնդիրներ ունենալ, քանի որ ռուբլու արժեզրկումը որևէ կերպ չի նպաստում արտահանմանը»,– ասաց Ավանեսյանը։

Նախարարը միաժամանակ դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ռուբլու արժեզրկման արդյունքում ինչի հետ կբախվեն Հայաստանում գործող ռուսական բանկերը։

«Եթե ռուբլու արժեզրկման պատճառը ռուսական կապիտալի արտահոսքն է, ապա, իհարկե, ռուսական բանկերը կարող են խնդիրներ ունենալ»,– ընդգծեց նա։

Այդ կապակցությամբ նախարարն ընդգծեց, որ իր գլխավորած գերատեսչությունը կլուծի ստեղծված իրավիճակի հետ կապված խնդիրները։

«Մենք պետք է հասկանանք հայկական տնտեսության վրա տվյալ իրավիճակի ազդեցությունը երկարաժամկետ հեռանկարում։ Եթե ռուսական արժույթի հետ կապված իրավիճակը կարճաժամկետ լինի, ապա մենք տնտեսական զարգացման մեր քաղաքականության էական փոփոխությունների իմաստ չենք տեսնում, բայց եթե խնդիրը երկարաժամկետ լինի, ապա մենք պարտադիր պետք է վերանայենք մեր քաղաքականությունը»,– հավելեց Ավանեսյանը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր ռազմական հակամարտության առիթով մտավախությունների ֆոնին մարտի 3–ին ռուբլու փոխարժեքը նվազել է մինչև դոլարի ու եվրոյի նկատմամբ իր պատմական նվազագույնին, իսկ ռուսական ցուցիչներն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել են ավելի քան 6 տոկոսով։ Դա նույնպես ազդել է դրամի նկատմամբ ռուբլու միջին շուկայական արժեքի վրա։ Հայաստանի ԿԲ տվյալներով` դրամի նկատմամբ ռուբլու փոխարժեքը մարտի 3–ին կազմել է ռուբլու դիմաց 11.33 դրամ` փետրվարի 28–ի համեմատ նվազելով 0.11 կետով։

Հարկ է նշել, որ Հայաստանում ռուբլու փոխարժեքի նվազման միտումը շարունակվում է այս տարեսկզբից։ Դրամի նկատմամբ ռուբլու միջին շուկայական փոխարժեքը 2014 թվականի առաջին աշխատանքային օրը` հունվարի 8–ին, կազմել է 12.26 դրամ, իսկ մարտի 5–ի դրությամբ կազմել է արդեն մեկ ռուբլու դիմաց 11.47 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև