Դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտները հունվարին աճել են 19.6%–ով` մինչև 99.6 մլն դոլար

12.03.2014 12:32
Դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտները հունվարին աճել են 19.6%–ով` մինչև 99.6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2014 թ.-ի հունվարին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 99.6 մլն դոլարի միջոց։ Այդ ցուցանիշը 19.6 տոկոսով ավելի է 2013թ.–ի հունվարի համեմատ։ Հաղորդվում է ԿԲ ամենամսյա տեղեկատուում։

Միաժամանակ, արտերկրից տրանսֆերտները հունվարին, 2013 թվականի դեկտեմբերի համեմատ, նվազել են 46.9 տոկոսով։

Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալը հունվարին կազմել է 20.9 միլիոն դոլար՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 20.6 միլիոն դոլարի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում մուտքերի զուտ ներհոսքը կազմել է շուրջ 78.6 միլիոն դոլար` 2013 թվականի հունվարի 62.5 միլիոն դոլարի դիմաց։

Հայաստան ստացվող դրամական միջոցների ճնշող մասը բաժին է ընկնում Ռուսաստանին` հանրապետության մասնավոր տրանսֆերտների համախառն ծավալի մոտ 81 տոկոսը։ Ռուսաստանից դրամական փոխանցումները հանրապետություն կազմել են մոտ 65.3 մլն դոլար (աճը` 23,4%), իսկ հանրապետությունից արտահոսքը դեպի ՌԴ` 11.2 մլն դոլար (աճը` 7,1%)։

ԿԲ տվյալներով` Հայաստանում դրամական փոխանցումների ներհոսքը 2013 թվականի ընթացքում կազմել է 1869.7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ–ի մոտ 17.3 տոկոսը։ ($1 – 414,90 դրամ է)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև