IFC-ն աջակցում է Յունիբանկին ներկրող և արտահանող ՓՄՁ-ների վարկավորման ծրագիրն ընդլայնելու գործում

17.03.2014 18:03
IFC-ն աջակցում է Յունիբանկին ներկրող և արտահանող ՓՄՁ-ների վարկավորման ծրագիրն ընդլայնելու գործում

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/.  Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) կաջակցի  «Յունիբանկ» ՓԲԸ-ին ներկրող և արտահանող ՓՄՁ-ների վարկավորման ծրագրի ընդլայնման,  ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման, առևտրի խթանման և  հավելյալ աշխատատեղերի ստեղծման գործընթացներում, հայտնում են IFC–ի մամուլի ծառայությունից:

IFC-ին Յունիբանկին կհատկացնի 5 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով վերականգնվող վարկային գիծ, որը կուղղվի   առևտրի խթանմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների շրջանառու միջոցների համալրմանը:

«Լրացուցիչ վարկային միջոցները հնարավորություն կտան բանկին վարկառուներին առաջարկել ավելի մատչելի պայմաններ և  միջոցները հասանելի դարձնել ավելի մեծ թվով ձեռնարկատերերի համար: Այդ կերպ մենք ձգտում ենք  դառնալ բիզնեսի համար առավել շահավետ գործընկեր և նպաստել դրա զարգացմանը, հատկապես շեշտը դնելով ՓՄՁ-ների առաջխաղացման վրա», - ասում է Յունիբանկի վարչության նախագահ Վարդան Աթայանը:

2013թ.-ի դեկտեմբերին IFC-ն և Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը (BSTDB) Յունիբանկի հետ կնքեցին համագործակցության պայմանագիր, որի շրջանակում բանկին կհատկացվի 10 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է ՓՄՁ-ների երկարաժամկետ վարկավորմանը: ՓՄՁ-ների վարկավորման և ռիսկերի կառավարման գործընթացի բարելավման նպատակով IFC-ն Յունիբանկին մատուցում է նաև խորհրդատվական ծառայություններ ռիկսերի կառավարման և ՓՄՁ-ների վարկավորման ուղղությամբ:

«Իրենց ամենօրյա գործարքներն իրականացնելու համար նման կարճաժամկետ ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորությունները ներկրող և արտահանող ձեռնարկությունների համար հաճախ սահմանափակ են: Ծրագրի նպատակն է  աջակցել տեղական ընկերություններին և դրական ազդեցություն ունենալ ընդհանուր տնտեսության վրա»,- նշեց  IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:

Հայաստանը IFC անդամ և բաժնետեր է  դարձել 1995 թվականին:  IFC-ն 287 մլն դոլար է ներդրել ֆինանսական, արտադրության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտների 48 ծրագրերում:

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է մասնավոր հատվածին: Աշխատելով անհատ ձեռներեցների հետ ավելի քան 100 երկրում, IFC-ն օգտագործում է իր կապիտալն ու ազդեցությունը ծայրահեղ աղքատությունը վերացնելու և կենսամակարդակը բարձրացնելու համար: Համաշխարհային տնտեսության համար անկայուն ժամանակներում IFC-ի ներդրումները 2013թ.-ի ֆինանսական տարում հասել են ամենաբարձր ցուցանիշին`  25 միլիարդ ԱՄՆ դոլարի:

«Յունիբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին: Աջակցությունը փոքր և միջին ձեռնարկատիրությանը և մանրածախ բիզնեսը Յունիբանկի գործունեության գերակա ուղղություններն են: ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի պորտֆելով Յունիբանկը Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է: Բանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև