Ճապոնիան ավելացրել է Ուկրաինային խոստացած մինչև 1.5 մլրդ դոլարի օգնությունը

25.03.2014 13:37
Ճապոնիան ավելացրել է Ուկրաինային խոստացած մինչև 1.5 մլրդ դոլարի օգնությունը

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Ճապոնիան մտադիր է Ուկրաինային 1.5 միլիարդ դոլարի աջակցություն հատկացնել, այդպիսի հայտարարություն է արել Հաագայի միջուկային անվտանգության գագաթնաժողովի ժամանած Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, հաղորդում է Փրայմը` հղում անելով Կիոդո գործակալությանը։

Ճապոնիան մոտ 1 մլրդ դոլարի օգնություն էր պատրաստում, բայց որոշեց ավելացնել ֆինանսավորման ծավալը։ Ինչպես լրագրողներին է հայտնել Աբեն, «դա բարձր գնահատեցին G7–ի մյուս անդամները»։

Բացի այդ, Հաագայում ճապոնացի վարչապետն Ուկրաինայի ճգնաժամի ընթացքում առավել կտրուկ արտահայտություններ է արել և հայտարարել է, որ «Ուկրաինայի հարավում գտնվող Ղրիմի միացումը Ռուսաստանին անընդունելի է»։

Ճապոնացի վերլուծաբանները կարծում են, որ դա կապված է Ճապոնիայի հասցեին իր գլխավոր դաշնակից ԱՄՆ–ի քննադատության հետ, քանի որ մինչ օրս Արևածագի երկիրն առավել մեղմ պատժամիջոցներ էր ընդունել Ռուսաստանի նկատմամբ, ինչպես նաև Մոսկվա է ուղարկել ճապոնական Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Սյոտարո Յատիին և Տոկիոյում Ռուս–ճապոնական ներդրումային համաժողով է անցկացրել երկու կողմից մասնակցող ավելի քան հազար գործարարների մասնակցությամբ։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրել է ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։ Ռադան փետրվարի 27–ին հաստատել է, այսպես կոչված, ժողովրդական վստահության կառավարության կազմը։ Յանուկովիչը հայտարարել է, որ ստիպված է եղել հեռանալ Ուկրաինայից ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով և մնում է օրինական ճանապարհով ընտրված նախագահը։ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկածներ է հարուցում։

Ղրիմում մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվե անցկացվեց։ Պաշտոնական տվյալների համաձայն` ընտրողների ավելի քան 96 տոկոսը «կողմ» է քվեարկել Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառմանը։ Դաշնության խորհուրդը մարտի 21–ին վավերացրել է Ռուսաստանին Ղրիմի միանալու պայմանագիրն ու Ռուսաստանի Դաշնությունում երկու նոր սուբյեկտների` Ղրիմի հանրապետության և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքի կազմավորման մասին դաշնային սահմանադրական օրենքը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև