Հայաստանի ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7.5%

25.03.2014 18:17
Հայաստանի ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7.5%

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7.5%, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2014 թ. փետրվարին արձանագրվել է 1.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը փետրվարի վերջին կազմել է 4.6%:

Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ՝ պայմանավորված 2013 թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ:

Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում զգալիորեն ավելացել են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ:

Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. սկզբին պահպանվել են տնտեսական աճի ցածր տեմպերը՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի վերականգնման ցածր տեմպերով:

«ԿԲ Խորհուրդը գտնում է, որ մինչ օրս դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը, զուգորդվելով 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը՝ տարեվերջից 12-ամսյա գնաճը ձևավորելով իր նպատակային մակարդակի շուրջ: Միևնույն ժամանակ, համախառն պահանջարկի աճին կնպաստի նաև տարեսկզբից արձանագրված դրամի արժեզրկումը և փետրվարին ԿԲ կողմից դրամային պարտավորությունների դիմաց պահուստավորման նորմատիվի իջեցումը», - նշված է հաղորդագրությունում։

Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով կճշգրտվեն դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:

Վերջին անգամ ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել է փետրվարի 11-ին` այն նվազեցնելով 0,25 տ.կ.` մինչև 7,5%։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2014թ. համար ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում, իսկ ՀՆԱ աճը` 5,2%։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև