Հայաստանի տնտեսությունում կատարված պորտֆելային ներդրումները 2013 թ.–ին 694.5 մլն դոլար են կազմել

31.03.2014 16:32
Հայաստանի տնտեսությունում կատարված պորտֆելային ներդրումները 2013 թ.–ին 694.5 մլն դոլար են կազմել

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա պորտֆելային ներդրումները կազմել են 694.48 մլն դոլար` մեկ տարվա ընթացքում ավելանալով 356.1 անգամ, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Պորտֆելային ներդրումների այսպիսի աննախադեպ աճը Հայաստանում պայմանավորված է առաջին եվրապարտատոմսերի թողարկմամբ, որն իրականացվել է 2013 թվականի սեպտեմբերի 19–ին։ Թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Տեղաբաշխողներն էին` Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ն և J.P.Morgan Securities plc.–ն։

Հայաստանի կապիտալի շուկայում պորտֆելային ներդրումների նման աճ առաջին անգամ է գրանցվել։ Այսպես, 2008 թվականին պորտֆելային ներդրումները կազմել են 6.6 հազար դոլար, 2009 թվականին` 11 հազար դոլար, 2010 թվականին` 12.23 հազար դոլար, 2011 թվականի տվյալներ չկան, 2012 թվականին` 1.95 հազար դոլար։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսությունում արտասահմանյան համախառն ներդրումները, ներառյալ պետական կառավարման մարմինների և բանկային հատվածի միջոցով ստացված ներդրումները, 2013 թվականին 2012 թվականի համեմատ աճել են 18.8 տոկոսով` կազմելով 1941 մլն դոլար։ Միաժամանակ ուղիղ ներդրումները կազմել են 469.2 մլն դոլար` կրճատվելով 35.3 տոկոսով, այլ ներդրումները կազմել են 777.3 մլն դոլար` կրճատվելով 14.3 տոկոսով, պորտֆելային ներդրումները, ինչպես արդեն նշվել է, հակառակը, աճել են 356.1 անգամ` մինչև 694.5 մլն դոլար ($1 – 412,90 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև