Ռուսական տնտեսության դժվարություններն առայժմ չեն ազդում Հայաստանի ֆինանսական կայունության վրա. ԿԲ

18.04.2014 14:56
Ռուսական տնտեսության դժվարություններն առայժմ չեն ազդում Հայաստանի ֆինանսական կայունության վրա. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսական տնտեսության դժվարություններն առայժմ ազդեցություն չեն թողնում Հայաստանի ֆինանսական կայունության վրա, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

«Ընդհանուր առմամբ, զարգացումները Ռուսաստանում կարող են տարբեր ուղղություններով ընթանալ, բայց հիմնական լծակը, որն այս պահին կարող է ինչ–որ կերպ ազդել Հայաստանի ֆինանսական կայունության վրա, տրանֆերտներն են, սակայն այս պահին այդ ազդեցությունը շարունակում է դրական մնալ»,– ասաց Գրիգորյանը «Հայաստանի Հանրապետության 2013 թ.–ի ֆինանսական կայունության մասին» ԿԲ հաշվետվությունը ներկայացնելիս։

ԿԲ տվյալներով` դեպի Հայաստան մասնավոր փոխանցումներն այս տարվա հունվար–փետրվարին կազմել են 205.1 մլն դոլար, ինչն ավելի է 2013 թվականի նույն ցուցանիշից 9.9 տոկոսով։ Դեպի Հայաստան մասնավոր տրանֆերտների համախառն ծավալի մոտ 79.9 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Ռուսաստանից հանրապետություն 2014 թվականի հունվար–փետրվարի դրամական փոխանցումները կազմել են մոտ 164 մլն դոլար` նախորդ տարվա 150.4 մլն դոլարի դիմաց։

Գրիգորյանի խոսքով` այս տարի, ինչպես և նախորդ տարի, Ռուսաստանից տրանսֆերտների ծավալը շարունակում է աճել, ինչը դրական է ազդում Հայաստանի ֆինանսական կայունության վրա, սակայն ԿԲ–ն մշակել է հնարավոր զարգացումները տվյալ ցուցանիշի էական անկման դեպքում։

«Քանի որ մեզ մոտ բավականին բարձր է կապիտալի բավարարությունը` ավելի բարձր պահանջվող նվազագույնից, և դրա հետ մեկտեղ ֆինանսական համակարգը բավականին լիկվիդային է, կայունության վրա ազդեցությունը (փոխանցումների հնարավոր անկման) էական չի լինի»,- նշեց Գրիգորյանը։

2013 թվականին Հայաստանի բանկային համակարգն ապահովել է կապիտալի ադեկվատության և լիկվիդայնության բավարար մակարդակ։ 2013 թվականի վերջին հայկական բանկերի կապիտալի ադեկվատության նորմատիվ ցուցանիշը կազմել էր 16.7 տոկոս` 12 տոկոս նորմատիվ նվազագույն պահանջի դեպքում։

Գրիգորյանն ավելացրեց, որ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի հնարավոր անկման դեպքում կարող է աճել չաշխատող ակտիվների բաժնեմասը, բայց դա, ԿԲ–ի կատարած սթրես–թեստերի համաձայն, չի ազդի ֆինանսական կայունության վրա։

ՌԴ ՏԶՆ տվյալներով, ռուսական տնտեսության աճը 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 0.8 տոկոս, սեզոնայնությունից մաքրման դեպքում ՀՆԱ նվազումը` 0.5 տոկոսով։ Տնտեսական զարգացման նախարարությունն ակնկալում է ռուսական տնտեսության ելքը ճահճացումից 2014 թվականի երկրորդ–չորրորդ եռամսյակում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև