Անելիք Բանկը 1 մլն դրամ կփոխանցի Քեսաբահայերի աջակցության հիմնադրամին

23.04.2014 15:53
Անելիք Բանկը 1 մլն դրամ կփոխանցի Քեսաբահայերի աջակցության հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները քեսաբահայերին աջակցելու նպատակով Բանկում բացված հատուկ հաշվեհամարին երկու շաբաթում փոխանցել են 1 մլն ՀՀ դրամ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի աշխատակիցները միացել էին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած դրամահավաքին: Հիմնադրամը մասնաճյուղ ունի Սիրիայում և կարող է լիարժեք իրականացնել ֆինանսական աջակցությունը դրա կարիքն ունեցող քեսաբահայերին հասցնելու կազմակերպչական աշխատանքները:

Մարտի 21–ից սկսած Սիրիայի հյուսիս–արևմուտքում գտնվող հայաբնակ Քեսաբ քաղաքում ողբերգական իրադարձություններ են ծավալվում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար` այդ հայաբնակ շրջանը զավթելու նպատակով։ Մարտի 21–ի առավոտյան ծայրահեղական խմբավորումները սկսել են գրոհել Քեսաբը` ստիպելով քաղաքացիական բնակչությանը, այդ թվում` մոտ 700 հայ ընտանիքների, անցնել հարևան Լաթաքիա։
««Անելիք Բանկ»-ի աշխատակիցները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել հանգանակությանը»,– ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նա միաժամանակ կարևորել է այն փաստը, որ տվյալ նախաձեռնությանը մասնակցել են Բանկի գրեթե բոլոր աշխատակիցները` ղեկավար անձնակազմից մինչև շարքային աշխատակիցներ:

«Համագործակցելով Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ, վստահ ենք, որ նվիրատվության յուրաքանչյուր լուման կծառայի իր նպատակին և որոշակի չափով կթեթևացնի մեր ազգակիցների ծանր դրությունը»,- ավելացրել է նա։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև