30.04.2014 15:00
Բարեկամներ, գործընկերներ,
«ԱՌԿԱ» գործակալությունը մայիսի 1–ին հատուկ տարեթիվ է նշում` գործակալության 18–ամյակը։ Արդեն այդքան տարի մենք աշխատում ենք հայկական մեդիաշուկայում և ձեզ ամեն օր տեղեկատվություն ենք տրամադրում երկրում և աշխարհում տեղի ունեցող առավել առանցքային իրադարձությունների մասին։
Մեր չափահասությունը զգում ենք հատուկ ուրախությամբ և վերելքով. այս տարիների ընթացքում մենք կայացման լուրջ ճանապարհ ենք անցել, ձեռք ենք բերել համախոհներ և ընկերներ։
Այսօր կարելի է վստահությամբ նշել, որ «ԱՌԿԱ» գործակալությունը կայացած մեդիահոլդինգ է, որը ներառում է մի շարք բացառիկ նախագծեր։ Դրանց թվում են հեռահաղորդակցությանն ու բարձր տեխնոլոգիաներին նվիրված www.teleсom.arka.am կայքը, www.armbanks.am ֆինանսաբանկային կայքը, www.finstore.am–ը, որը տվյալների բազա է Հայաստանի ձեռնարկությունների մասին։
Այս տարի գործակալությունը կրկին որոշել է ուրախացնել, իսկ միգուցե նույնիսկ զարմացնել իր ընթերցողներին` առաջարկելով միանգամայն յուրահատուկ, գործակալության պրոֆիլին չհամապատասխանող նախագիծ։
Դա ARKA Style–ն է`որակյալ և ժամանցային ռեսուրս ժամանակակից, սոցիալապես ակտիվ, հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող մարդկանց համար։ Շուտով մենք պաշտոնապես կհայտարարենք այդ նախագծի գործարկման մասին։ Նախագիծը կոչված է կանոնավոր կերպով տեղեկացնել ընթերցողներին կինոյի, նորաձևության, երաժշտության, տեխնիկայի, խոհարարության աշխարհում, գեղեցկության և առողջության ոլորտում տեղի ունեցող վերջին հոսանքների և միտումների մասին։
Մենք հուսով ենք, որ ամեն օր թարմացվող տեղեկատվական ժամանցային պորտալը` տեղական և արտասահմանյան աստղերի կյանքի մասին նորություններով, դուր կգա և երիտասարդներին, և լուրջ արվեստով հետաքրքրվող մարդկանց, ինչպես նաև Fashion-ինդուստրիայի ներկայացուցիչներին։
Տոնի նախօրեին մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ երախտագիտության խոսքեր ուղղել մեր բոլոր բաժանորդներին, ընթերցողներին և գործընկերներին, ովքեր այս 18 տարիներին ընթացքում մեր կողքին են եղել, վստահել են մեր նորություններին, ուրախացել են մեր հաջողություններով և օգնել առաջարկներով։ Մենք միշտ հիշում ենք, որ մեր նորություններին սպասում են, և չենք մոռանում մեր կոչման մասին` օպերատիվ կերպով որակյալ տեղեկատվություն տրամադրել հասարակությանը։
Հարգանքով`
«ԱՌԿԱ» լրատվական գործակալության խմբագրություն
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: