Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը փետրվարին ավելացել է 10,1 տոկոսով` հասնելով 363,8 հազար դրամի

13.05.2014 15:49
Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը փետրվարին ավելացել է 10,1 տոկոսով` հասնելով 363,8 հազար դրամի

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թ.–ի փետրվարին, 2013 թ.–ի փետրվարի համեմատ, ավելացել է 10,1%–ով` հասնելով 363 809 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաշվետու ամսում բարձր աշխատավարձեր են արձանագրվել նաև տեղեկատվության և կապի ոլորտներում` 321,9 հազար դրամ և հանքարդյունաբերության ոլորտում` ավելի քան 302,4 հազար դրամ

Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի, ժամանցի ու հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձերը կազմել են մոտ 86,9 հազար դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության ոլորտները` 92,4 հազար դրամ, բնակության և հասարակական սննդի կազմակերպման ոլորտները`99,3 հազար դրամ, այլ ծառայությունները` 101 հազար դրամ։

Ընդհանուր առմամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թ.–ի փետրվարին կազմել է 157 214 դրամ, ինչը 0,8 տոկոսով ավելի է 2014թ. հունվարի ցուցանիշից և 6,4 տոկոսով ավել է 2013 թ.–ի փետրվարի ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թ.–ի փետրվարին գրանցվել է Սյունիքի մարզում` ավելի քան 185,3 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 111,2 հազար դրամ։ Երևանում հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է ավելի քան 171,9 հազար դրամ։

Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թվականի մարտին կազմել է 158 873 դրամ ($384 կամ 13 863 ռուբլի), ինչը 1,1 տոկոսով ավել է փետրվարի ցուցանիշից։($1 – 413,21 դրամ) –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև