Արմավիրի ավելի քան 120 դպրոցների աշակերտներն ազգային արժույթին նվիրված ցուցահանդես կայցելեն

13.05.2014 18:14
Արմավիրի ավելի քան 120 դպրոցների աշակերտներն ազգային արժույթին նվիրված ցուցահանդես կայցելեն

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Արմավիրի մարզի ավելի քան 120 դպրոցների աշակերտները կայցելեն ազգային արժույթին և ՀՀ ԿԲ–ի գործունեությանը նվիրված ցուցահանդեսը, երեքշաբթի ցուցահանդեսի բացմանն ասել է ԿԲ խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը։

«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը բացվել է երեքշաբթի մարզկենտրոն Արմավիր քաղաքում։ Այն Արմավիրի մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ԿԲ գործունեությունը:

Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 18–ը։

«Ավելի քան 120 դպրոցներ դասացուցակ են կազմել և կայցելեն մեր ցուցահանդեսը», –ասել է Աղասյանը։

Նա նաև նշել է, որ ցուցահանդեսի շրջանակներում բանկի աշխատակիցները հանդես կգան դասախոսություններով, որոնց ժամանակ բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ Ավանդների փոխհատուցումը երաշխավորող հիմնադրամի գործունեության, սպառողների իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործմանն ուղղված ԿԲ–ի աշխատանքների հետ, կներկայացվեն շատ այլ ֆինանսական հարցեր։

ԿԲ–ի դրամագետ Գևորգ Մուղալյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում մեզ են հասել մ.թ.ա. 3–րդ դարի մետաղադրամներ։ Ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան 260 անուն մետաղադրամների բնօրինակները, ժամանակակից, շրջանառության մեջ գտնվող թղթադրամներ և մետաղադրամներ, խորհրդային թղթադրամներ, կոլեկցիոն մետաղադրամներ, այն ամենը, ինչ գտնվել է շրջանառության մեջ Հայաստանի տարածքում։

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել ԿԲ–ի ղեկավարությանն ու բոլոր աշխատակիցներին ցուցահանդեսը այցելելու հազվադեպ հնարավորության համար, նա նշել է, որ աշխարհի ոչ բոլոր երկրներում են մարդիկ հնարավորություն ունենում ծանոթանալ իրենց ազգային արժույթի պատմությանը։

Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպվել Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում և Հրազդանում:

Աղասյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է, որ հնարավոր է, որ նմանատիպ միջոցառումներ անցկացվեն նաև Արցախի տարածքում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև