Հայաստանի ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%

13.05.2014 18:22
Հայաստանի ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկ խորհուրդը երեքշաբթի նիստում որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

2014 թ. ապրիլին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.4%:

Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կնվազի և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում՝ պայմանավորված 2013 թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ:

Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում դեռևս պահպանվում են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ:

Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. անցած ժամանակահատվածում շարունակվել են տնտեսական ցածր աճի միտումները՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի վերականգնման դանդաղ տեմպերով և արդյունաբերության ճյուղի ներկա զարգացումներով:

Չնայած մինչ օրս դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը և 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կհանգեցնեն համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը, այնուամենայնիվ, դա բավարար չէ՝ չեզոքացնելու 12-ամսյա գնաճի՝ իր նպատակային մակարդակից առաջացած շեղումը:

«Ստեղծված իրավիճակում ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ արդյունքում միջնաժամկետ հատվածում նպաստավոր պայմաններ ստեղծելով տնտեսության աշխուժացման և նպատակային գնաճի ձեռքբերման համար», - նշված է հաղորդագրությունում։

Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով հնարավոր են ճշգրտումներ դրամավարկային քաղաքականության ուղղություններում՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը կանխատեսվող հորիզոնում:

Վերջին անգամ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել էր փետրվարի 11-ին` իջեցնելով 0,25 տ.կ.` մինչև 7,5%։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2014 թվականին ծրագրված է 4%` (±1,5%), իսկ ՀՆԱ աճը` 5,2% մակարդակում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև