Մեդվեդևը վրդովված է Visa և MasterCard բանկային քարտերի արգելափակումից

20.05.2014 12:41
Մեդվեդևը վրդովված է Visa և MasterCard բանկային քարտերի արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կոպիտ խախտում է համարում Visa և MasterCard–ի կողմից մի շարք բանկերի հաճախորդների գործառնությունների արգելափակումը, այդ մասին, ինչպես հաղորդում է Газета .ru–ն, նա հայտարարել է  Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Մարտի կեսին ԱՄՆ–ն Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկմանն ի պատասխան պատժամիջոցներ է սահմանել 20 ռուսների և «Ռոսիա» բանկի նկատմամբ։ Դրանից հետո Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերը դադարել են «Ռոսիա»,  СМП բանկի, ինչպես նաև նրանց դուստր Սոբինբանկի և Ինվեստկապիտալբանկի հաճախորդների գործառնությունները։ Հետագայում սահմանափակումները մնացել են միայն «Ռոսիայի» համար։

Ըստ նրա, ռուսական իշխանությունները կցանկանային, որ MasterCard–ն ու Visa–ն շարունակեն աշխատել երկրում, բայց այդ ընկերությունները խաթարում են իրենց նկատմամբ վստահությունը, երբ պատասխանում են «պետկառույցների հարցումներին»։

«Դա շատ վատ նախադեպ է։ Ոչ թե Ռուսաստանի համար, թեև հավանաբար մեր հայրենակիցների համար էլ է տհաճ, որ նրանք ստիպված են մի բանկից տեղափոխվել մյուսը, այլ հենց այդ ընկերությունների` MasterCard–ի, Eurocard–ի և Visa–ի համար։ Այդ պատճառով մենք կցանկանայինք չդադարեցնել ոչինչ, կցանկանայիքն, որ MasterCard–ը և Visa–ն մնային և աշխատեին Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Բայց դրանք պետք է պահպանեն իրենց պարտավորությունները ոչ թե Ռուսաստանի, այլ կոնկրետ այն հաճախորդների նկատմամբ, ովքեր օգտվում են նրանց քարտերից»,– ասել է Մեդվեդևը։

Նա նշել է, որ այժմ MasterCard–ը և Visa–ն Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի հետ քննարկում են ազգային վճարային համակարգի մասին օրենքի լրացումները, որոնք, ըստ նրանց, որոշակի ռիսկեր են ստեղծում Ռուսաստանում աշխատելու հարցում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև