ՀԲ-ն և ՀՀ կառավարությունը $51,2 մլն. համաձայնագրեր են ստորագրել` կրթության և սոցիալական ոլորտների ֆինանսավորման համար

23.05.2014 18:27
ՀԲ-ն և ՀՀ կառավարությունը $51,2 մլն. համաձայնագրեր են ստորագրել` կրթության և սոցիալական ոլորտների ֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 23-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին վարկային ու ֆինանսավորման համաձայնագրեր են ստորագրել` կրթության և սոցիալական ոլորտների ծրագրերի իրագործումն ապահովելու նպատակով, հաղորդում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդվում է, Միջազգային զարգացման ընկերակցության հետ ստորագրված համաձայնագրով «Սոցիալական պաշտպանության վարչարարության II ծրագրի» շրջանակում Հայաստանին կտրամադրվի 21.2մլն դոլարին համարժեք 13.9 մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ:

Ծրագրի նպատակն է բարելավել սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը և հզորացնել դրանք մատուցող, ինչպես նաև սոցիալական պաշտպանության նպաստներ վճարող մարմինների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթները:

Իսկ «Կրթության բարելավման ծրագրի» շրջանակում Հայաստանը կստանա ընդհանուր առմամբ 30մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ, այդ թվում 15մլն դոլարը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից, նույնքան դոլարին համարժեք 9.8 միլիոնի չափով վարկ էլ հատուկ փոխառության իրավունքով (SDR)` Միջազգային զարգացման ընկերակցությունից:

Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրապետության տարրական դպրոց ընդունվող երեխաների պատրաստվածությունը, բարելավել ավագ դպրոցներում ֆիզիկական պայմաններն ու կրթական ռեսուրսների մատչելիությունը, ինչպես նաև աջակցել բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի բարելավմանը:

Ընթացիկ տարվա մարտի դրությամբ Հայաստանի և Համաշխարհային բանկի համագործակցության ընթացքում (1992թ.-ից), ինչպես նաև IDA-ի հետ համագործակցության ընթացքում (1993թ.-ից)երկրին տրամադրված միջոցների ծավալը կազմել է $1 839,06 մլն.։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև