Հայաստանի ֆրանսիական համալսարանն առաջին անգամ գործարկում է «Բանկային գործ և ապահովագրություն» բակալավրիատի նոր ծրագիր

29.05.2014 19:03
Հայաստանի ֆրանսիական համալսարանն առաջին անգամ գործարկում է «Բանկային գործ և ապահովագրություն» բակալավրիատի նոր ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր ուսումնական տարուց կգործարկի «Բանկային գործ և ապահովագրություն» բակալավրիատի նոր ծրագիր «Ֆինանսներ» մասնագիտացմամբ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադրամի» ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան։

Ըստ նրա` նոր ծրագրով ուսուցումը կսկսվի արդեն սեպտեմբերից, և ծրագրվում է, որ համալսարանը կընդունի մինչև 60 դիմորդների, ովքեր ուսումն ավարտելուց հետո աշխատանքի կտեղավորվեն Հայաստանի բանկային և ապահովագրական համակարգում։

Նա նշեց, որ ոլորտն ընտրվել է` հաշվի առնելով բանկային ոլորտի հանրաճանաչությունը և մասնագետների աճող պահանջարկը, և ընդգծեց, որ Համալսարանն իր առջև սոսկ «դիպլոմներ բաժանելու» նպատակ չի դնում։
«Հաշվի առնելով Հայաստանում բանկային հատվածի զարգացման միտումները` մենք կարծում ենք, որ Հայաստանում կան տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները»,– ասաց Մոնտուան։

Ըստ նրա` համալսարանի հիմնական նպատակը ֆրանսալեզու վերնախավի ստեղծումն է, որը կաշխատի Հայաստանում, բայց ակտիվ կհամագործակցի Ֆրանսիայի հետ։

Այս առումով նա ընդգծեց, որ համալսարանի անցկացրած հետազոտության համաձայն` բուհի ուսանողների 80 տոկոսն աշխատանքի է տեղավորվել Հայաստանում, միաժամանակ շրջանավարտների 30 տոկոսն աշխատում է երկրի բանկային ոլորտում։

Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը նշեց, որ հայկական բանկերը կարևորում են որակյալ կրթությունը։

«Հայաստանում բակալավրիատի ուսանողների համար առաջին անգամ է բացվում որակյալ գիտելիքներ և աշխատանքային հմտություններ ձեռք բերելու այսպիսի բացառիկ հնարավորություն»,– ասաց Ճզմաչյանը։

Նա ընդգծեց նաև, որ Բանկերի միությունն իր կողմից պատրաստ է կազմակերպել ուսանողների այցեր հայկական բանկեր և կապահովի այնտեղ պրակտիկայի անցկացումը։ Բացի այդ, ըստ նրա, հայկական բանկերի ղեկավարները և համակարգի առաջատար մասնագետները կանցկացնեն վարպետության դասեր ուսանողների համար։

Բակալավրիատի ուսուցումը կազմում է  4 տարի և ավարտվում արտադրական պրակտիկայով, որի արդյունքներով շրջանավարտներն աշխատանքի կտեղավորվեն։ Փաստաթղթերի ընդունումն իրականացվում է մինչև հունիսի 20–ը, իսկ հունիսի 23–ից կսկսվեն ընդունելության քննությունները մաթեմատիկա, հայոց լեզու և օտար լեզուներ առարկաներից։

Ուսման վճարը կազմում է տարեկան 580 հազար դրամ, միաժամանակ տեղերի 10 տոկոսն անվճար կլինեն, իսկ հետագայում ռոտացիոն կարգով` կախված սովորողի առաջադիմությունից։

Նոր մասնագիտության ներդրումն իրականացվում է հայ–ֆրանսիական միջպետական համագործակցության շրջանակում` Հայաստանի բանկերի միության, Հայաստանի Կենտրոնական բանկի օժանդակությամբ և «ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի գործընկերությամբ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև