ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է համագործակցել Tandem Transfers դրամական փոխանցումների ազգային համակարգի հետ

30.05.2014 18:17
ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է համագործակցել Tandem Transfers դրամական փոխանցումների ազգային համակարգի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկը համալրել է արագ դրամական փոխանցումների համակարգերի իր շարքը` միանալով Tandem Transfers առաջին ազգային համակարգին, տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ–Հայաստան բանկի հաճախորդները կարող են ստանալ և կատարել դրամական փոխանցումներ Tandem Transfers համակարգի միջոցով առանց հաշիվ բացելու ինչպես Հայաստանի տարածքում համակարգի անդամ բանկերի միջև, այնպես էլ արտերկիր: Փոխանցումները կատարվում են վայրկենական ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով ու ՌԴ ռուբլով:

Tandem Transfers արագ դրամական փոխանցման համակարգը թույլ կտա բանկի հաճախորդներին կատարել փոխանցումներ ամենաշահավետ սակագներով. ՀՀ տարածքում փոխանցումների սակագինը կազմում է փոխանցվող գումարի 0.8%, իսկ արտերկիր փոխանցումներինը` 1.3%:

ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` Unistream, Bystraya Pochta, InterExpress, Anelik, RIA Money Transfer, MoneyGram, Sigue Money Transfer, Intel Express:

Ժամանակ խնայելու համար բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու. անհրաժեշտ է ակտիվացնել ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր տեսակի քարտերի համար կամ ձեռք բերել VTB Transfer քարտ, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը, և գումարը կփոխանցվի ստացողի քարտին ժամանակի իրական ռեժիմում:

«Մեր բանկի հաճախորդներն ակտիվորեն օգտվում են դրամական փոխանցումների համակարգերից, և այդ է պատճառը, որ մենք միշտ ձգտում ենք տրամադրել նրանց այդ ծառայության ամենալայն ընտրանին», – ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Նա ավելացրել է, որ Tandem Transfers համակարգը իններորդն է միջազգային դրամական համակարգերի շրջանում, որոնց ծառայություններից կարող են օգտվել բանկի հաճախորդները:

«Վստահ ենք, որ ամեն հաճախորդ կարող է ընտրել դրամական միջոցների իրենց հարմար փոխանցման և ստացման ձևը դրամական փոխանցումների համակարգերի լայն տեսականուց», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 307,6 մլրդ դրամ (տարեսկզբից 2,65 տոկոսի աճ), պարտավորությունները` 262,5 մլրդ դրամ (0,12 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 45,1 մլրդ դրամ (20,3 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 229,9 մլրդ դրամ (5,89 տոկոսի աճ), բանկի շահույթը` 537 մլն դրամ։ ($1-413, 27 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև