Ռուսաստանցի ներդրողները մարտին ԱՄՆ բանկերից 13,5 մլրդ դոլար են դուրս հանել

31.05.2014 13:04
Ռուսաստանցի ներդրողները մարտին ԱՄՆ բանկերից 13,5 մլրդ դոլար են դուրս հանել

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանցի ռեզիդենտները 2014 թ.–ի մարտին ամերիկյան բանկերից հանել են իրենց դեպոզիտների կեսից ավելին` 13,5 մլրդ դոլար, վկայում է ԱՄՆ ֆինանսների նախարարության վերջին վիճակագրությունը։ Մարտին ԱՄՆ–ն առաջին պատժամիջոցները ներդրեց ռուս քաղաքական գործիչների և գործարարների նկատմամբ, ովքեր կապ ունեին Ղրիմի միացմանը Ռուսաստանին կամ մոտ էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վտանգը, որ ԱՄՆ–ում ռուսական ներդրումները կարող են սառեցվել, ստիպել է ներդրողներին անհապաղ տեղափոխել գումարները։

Ռուսական դեպոզիտները ԱՄՆ–ում մարտին կրճատվել են` հասնելով 8,4 մլրդ դոլարի` փետրվարի վերջին գրանցված 21,9 մլրդ դոլարի համեմատ, այս մասին են վկայում ԱՄՆ–ի գանձատան տվյալները։ Նման դեպոզիտների հիմնական մասնաբաժինը ավանդաբար բաժին է հասնում ռուսական բանկերին, այդ թվում նաև պետական հաստատություններին (Ֆինանսների նախարարություն, ԿԲ, սուվերեն հիմնադրամներ և այլն)։ Ռուսաստանցի ռեզիդենտների այդ կատեգորիայի բանկային ներդրումները կրճատվել են` 20,07 մլրդ դոլարից հասնելով 7,66 մլրդ դոլարի։ Այլ ռուսաստանցի ռեզիդենտների (ոչ ֆինանսական ընկերություններ և ֆիզիկական անձինք) դեպոզիտները նվազել են` 1,9 մլրդ դոլարից հասնելով մոտավորապես 740 մլն դոլարի, հաղորդում է РБК–ն։

ԱՄՆ ֆինանսների նախարարության ապրիլյան նմանատիպ տվյալները կհրապարակվեն միայն հունիսի կեսին և ցույց կտան, թե ինչպես է ԱՄՆ–ում ռուսական հաշվետերերի վարքի վրա ազդել արևմտյան պատժամիջոցների կիրառման առաջին ամբողջական ամիսը։ Այս տարվա մարտին ԱՄՆ–ում դեպոզիտներից ռուսական փողերի նման ուժեղ արտահոսք չէր գրանցվել անգամ 2008 թ.–ի օգոստոսին Վրաստանի հետ հակամարտությունից հետո, երբ Մոսկվան, հակառակ Արևմուտքի կամքին, ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը։ Այդ ժամանակ սեպտեմբերին դեպոզիտները նվազեցին 1,7 մլրդ դոլարով։ Սակայն նրանց ընդհանուր չափն այդ ժամանակ շատ ավելի քիչ էր` 7,4 մլրդ դոլար (2008 թ.–ի օգոստոսի վերջին)։—0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև