«Անելիք Բանկը» միացել է «Մեկ հայ, մեկ հոդված» համահայկական նախագծին

24.06.2014 18:31
«Անելիք Բանկը» միացել է «Մեկ հայ, մեկ հոդված» համահայկական նախագծին

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Մեկ հայ, մեկ հոդված» համահայկական նախագծին, որի նպատակն է խթանել Վիքիպեդիայում հայալեզու հոդվածների քանակի ավելացմանը, հաղորդում են բանկի մամուլի ծառայությունից:

Բանկի մասին hy.wikipedia.org կայքէջում տեղադրված հոդվածում առկա են Բանկի ղեկավար կազմի, պատմության, լոգոտիպի մասին և այլ տեղեկություններ:

«Մենք մեծ սիրով միացանք այս նախագծին»,-ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը` ավելացնելով, որ բանկի մասին հոդվածը բավական մանրամասն ու մեծ պատասխանատվությամբ է կազմվել։

Նա կարևորել է հայերեն Վիքիպեդիայում հոդվածների առկայությունը, քանի որ ընթերցողներին հնարավորություն է տալիս անհրաժեշտ տեղեկատվությանը ծանոթանալ հայերենով:

«Նախագծի «Մեկ հայ, մեկ հոդված» անվան հետ մեկտեղ շատ արդյունավետ կլինի կիրառել նաև «Մեկ կազմակերպություն մեկ հոդված» սկզբունքը, որն առավել կհարստացնի հայերեն Վիքիպեդիան»,- նշել է նա։

2014թ. մարտին մեկնարկած «Մեկ հայ, մեկ հոդված» ծրագրի էությունն այն է, որ աշխարհի ցանկացած կետում բնակվող հայը տեղադրի գոնե մեկ հայալեզու հոդված Wikipedia–ում։ Նախաձեռնության նպատակն է հարստացնել Wikipedia վիրտուալ հանրագիտարանը հայալեզու բարձրորակ նյութերով` նախագծում ներգրավելով բնակչության լայն շերտերին:

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` – «Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 63,65 մլրդ դրամ, պարտավորությունները` 51,1 մլրդ դրամ, կապիտալը` 12,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 42,8 մլրդ դրամ։  ($1- 408,45 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև