Հայաստանի ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տ.կ.` սահմանելով 7.%

24.06.2014 19:18
Հայաստանի ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տ.կ.`  սահմանելով 7.%

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաբթի նիստում որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.%, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

2014 թ. մայիսին արձանագրվել է 0.8% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա անփոփոխ գների մակարդակի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մայիսի վերջին կազմել է 3.6%:

Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին գնաճային միջավայրը կշարունակի մեղմվել՝ հիմնականում պայմանավորված 2013 թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ, և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ներքև:

Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում պահպանվում են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ, այդուհանդերձ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ դեռևս չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. առաջին կեսի արդյունքներով տնտեսական աճը գտնվում է ակնկալվածի շրջանակներում: Ընդ որում, արդյունաբերության ճյուղի համեմատաբար պասիվությունն ու շինարարության ճյուղի վերականգնման ցածր տեմպերը փոխհատուցվել են գյուղատնտեսության և ծառայությունների՝ սպասվածից ավելի բարձր աճով:

2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը և մինչ օրս ԿԲ կողմից դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը կարճաժամկետում կհանգեցնեն համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը կավելանա՝ տարեվերջին գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում:

«Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներին ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:

Վերջին անգամ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել էր մայիսի 13-ին` իջեցնելով 0,25 տ.կ.` մինչև 7,25%։

Ըստ պետբյուջեի` Հայաստանում գնաճը 2014թ. ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում, իսկ ՀՆԱ աճը` 5,2%։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև