Արարատբանկը 2013թ.-ի դիվիդենտները վճարելու նպատակով ավելի քան 297 մլն դրամ կհատկացնի

27.06.2014 15:17
Արարատբանկը 2013թ.-ի դիվիդենտները վճարելու նպատակով ավելի քան 297 մլն դրամ կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը 2013 թ.-ի գործունեության արդյունքում իր բաժնետերերի դիվիդենտները վճարելու համար ավելի քան 297 մլն դրամ կհատկացնի:

«2013 թ.-ին ստացված 3,082 մլն դրամի զուտ շահույթից ավելի քան 297 մլն դրամը կհատկացվի դիվիդենտների վճարմանը», - ուրբաթ ասաց «Արարատբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը բանկի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ:

Դիվիդենտների վճարումը կսկսվի հուլիսի 15-ից:

Օսիպյանի խոսքով՝ դիվիդենտների վճարման նպատակով կհատկացվի զուտ շահույթի 9,6 տոկոսը կամ բաժնետոմսի անվանական արժեքի 4,65 տոկոսը:

Նա նշեց, որ բանկի բաժնետոմսի հաշվեկշռային արժեքը 2013թ.-ին աճել է 19,3 տոկոսով և կազմել է 15368 դրամ՝ 5 հազար դրամ անվանական արժեքի դեպքում:

Ինչպես նշեց Օսիպյանը, մեկ բաժնետոմսի հաշվարկով շահույթի ցուցանիշը 2013թ.-ի արդյունքում կազմել է 2413 դրամ:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,18 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: Արարատբանկը 2009 թ.-ի հունվարի 30-ին ներառված է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի կազմում:

Արարատբանկի ակտիվները ապրիլի 1-ի դրությամբ կազմել են մոտ 131,8 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 5,23 տոկոսով, պարտավորությունները կազմել են 111,2 մլրդ դրամ (5,31 տոկոսի աճ), կապիտալը՝ 20,58 մլրդ դրամ (4,8 տոկոսի աճ), վարկային ներդրումները՝ 61,4 մլրդ դրամ (3,13 տոկոսի աճ), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 71,2 մլրդ դրամ (3,97 տոկոսի աճ): Բանկի շահույթը առաջին եռամսյակում կազմել է 1,1 մլրդ դրամ (51,4 տոկոսի աճ) ($1 – 408,12 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև