Համաշխարհային գնաճի տեմպերն արագացել են

01.07.2014 18:06
Համաշխարհային գնաճի տեմպերն արագացել են

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մայիսին երրորդ ամիսն անընդմեջ աշխարհի ամենախոշոր տնտեսություններում ամենաարագ տեմպերով աճում էին սպառողական գները, ընդ որում Եվրոպան ստիպված էր միայնակ պայքարել չափազանց ցածր գնաճի հետ, գրում է vestifinance.ru-ն:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, որը գտնվում է Փարիզում, տեղեկացրել է, որ 34 անդամ-երկրներում գնաճի տարեկան տեմպերը կազմել են 2,1 տոկոս՝ ապրիլին գրանցված 2 տոկոսի դիմաց, այն դեպքում, երբ 20 առաջատար արդյունաբերական և զարգացող տնտեսությունների խմբում դրանք 2,8 տոկոսից բարձրացել են 3 տոկոսի: G20-ին բաժին է հասնում համաշխարհային տնտեսության 90 տոկոսը:

Գնաճի տեմպերի արագացումը բազմաթիվ զարգացած երկրներում կհանգստացնի կենտրոնական բանկերի որոշ ղեկավարների, ովքեր վստահ են, որ գների 2 տոկոսանոց աճը առողջ տնտեսական աճի նշան է: Բացառություն կդառնան Եվրոպական կենտրոնական բանկն ու Եվրոպայի կենտրոնական բանկերը, օրինակ՝ շվեդական Riksbank-ը:

ԵԿԲ-ի ղեկավարությունը տեսնում էր, թե ինչպես գնաճի տարեկան տեմպերը մայիսին նվազել են՝ ապրիլին գրանցված կարճատև 0,7 տոկոսից հասնելով 0,5 տոկոսի: Հունիսի 30-ին հրապարակված տվյալները ցույց տվեցին, որ հունիսին գնաճը մնաց նույն մակարդակում:

Երբ գնաճի տեմպերը ցածր են, ընկերությունները, տնային տնտեսությունները և անգամ կառավարությունները խնդիրներ են ունենում հարկային ծանրաբեռնվածության կրճատման հետ: Սա խնդիր է բարձր պարտք ունեցող մի շարք երկրների համար:

Իսկ երբ գները սկսում են նվազել, սպառողները կարող են հետաձգել գնումները՝ սպասելով, որ արտադրանքը կարող է ապագայում էժանանալ: Դա կարող է նվազեցնել տնտեսական ակտիվությունն ու ուժեղացնել գնանկման ճնշումը:

ՏՀԶԿ-ի տվյալներով՝ անդամ-երկրներից չորսում մայիսին ավարտված 12 ամիսների ընթացքում գների նվազում է նկատվել: Բոլոր չորսը եվրոպական երկրներ են՝ Հունաստանը, Պորտուգալիան, Շվեդիան և Հունգարիան:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև