BRICS բանկի կենտրոնակայանը կգտնվի Շանհայում

10.07.2014 14:06
BRICS բանկի կենտրոնակայանը կգտնվի Շանհայում

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի առաջնորդները հուլիսի 15-16-ին Ֆորտալեզայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ կհիմնեն BRICS զարգացման բանկը: Այս մասին լրագրողներին է տեղեկացրել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է Փրայմ գործակալությունը:

«Բանկի կենտրոնակայանը կգտնվի Շանհայում: Այդ մասին նշված է փաստաթղթերում», - ասել է նա: Ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը լրագրողներին տեղեկացրել էր, որ բանկի կենտրոնակայանի թեկնածու-քաղաքների ցանկում մնացել են Շանհայն ու Նյու Դելին:

Ուշակովի խոսքով՝ հուլիսի 15-16-ը Ֆորտալեզայում նախատեսված գագաթնաժողովի ժամանակ առաջնորդների ներկայությամբ նախատեսվում է ստորագրել «Զարգացման նոր բանկի»՝ BRICS -ի հիմնադրման մասին համաձայնագիրն ու պայմանական արժութային պահուստների միավորում ստեղծելու պայմանագիրը: «Հինգ երկրների մակրոտնտեսական համակարգման հիմքն այսպես դրվի», - նշել է ՌԴ նախագահի օգնականը: «Նոր ինստիտուտները թույլ կտան ամրապնդել գլոբալ ֆինանսական համակարգը, ինչը հատկապես կարևոր է ԱՄՀ-ի՝ փակուղում գտնվող բարեփոխման ֆոնին»:

Բանկի թույլատրելի կապիտալի ծավալը 100 մլր դոլար է, տեղաբաշխված կապիտալը՝ 50 մլրդ դոլար, վճարվածը՝ 10 մլրդ դոլար, «պահանջով» վճարվածը՝ 40 մլրդ դոլար: Վճարված կապիտալը կձևավորվի 7 տարվա ընթացքում: «Ռուսաստանի մասնաբաժինը 2 մլրդ դոլար է կազմում, այսինքն կապիտալը բանկի մասնակիցների միջև տեղաբաշխվում է համամասնորեն», - ավելի վաղ նշել է Սիլուանովը:

Երկրների միջև պայմանավորվածություն կա, որ BRICS-ի մասնակից-երկրների մասնաբաժինը կապիտալում չի լինի 55 տոկոսից ցածր: Բանկը կզբաղվի ենթակառուցվածքային նախագծերով առաջին հերթին BRICS երկրների տարածքում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև