ՀՀ ԿԲ-ն Հարվարդի համալսարանի հետ համագործակցության նոր ծրագիր է սկսել

15.07.2014 15:43
ՀՀ ԿԲ-ն Հարվարդի համալսարանի հետ համագործակցության նոր ծրագիր է սկսել

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն Հարվարդի համալսարանի հետ հեռանկարային համագործակցության շրջանակում հատուկ գիտահետազոտական ծրագիր է սկսել, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

«Ըստ ծրագրի՝ համալսարանի երեք ուսանողներ` Ջորդան Բրայանթը, Խուան Ապարիսիոն և Դենիել Ջիբսը, աշխատանքային պրակտիկա են անցնում Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ուսանողները Հայաստան են ժամանել հունիս ամսին և հանդիպումներ ու քննարկումներ ունեցել հայաստանյան և միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացել Հայաստանի տնտեսական իրավիճակին:

Պրակտիկանտները երկամսյա ամառային պրակտիկայի ընթացքում կիրականացնեն հետազոտություններ ՀՀ տնտեսությանը վերաբերող ուշադրության արժանի մի շարք երևույթների վերաբերյալ, մասնավորապես՝ «Հարկային հարմոնիզացիայի հնարավոր ազդեցությունները ֆինանսական ծառայությունների հատվածի վրա», «Տնտեսական ինտեգրման  ազդեցությունը երկկողմանի օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերի վրա» և «Տարածաշրջանային ինտեգրման վերաբերյալ մոտեցումների դետերմինանտներ» թեմաներով:

«Կենտրոնական բանկը կարևորում է միջազգային բազմակողմ համագործակցությունը և լիահույս է, որ աշխարհի լավագույն հինգ  համալսարաններից մեկի՝ Հարվարդի համալսարանի հետ  համագործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա և ծրագիրը կկրի շարունակական բնույթ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից ընդգծեցին, որ ծրագրի իրականացումը նաև խթան կհանդիսանա Դիլիջանի Ուսումնահետազոտական Կենտրոնի և այլ միջազգային հեղինակավոր համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների միջև փոխգործակցության կապեր հաստատելու համար: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև