Ազգային հիփոթեքային ընկերությունը NASDAQ OMX Armenia-ում 1,2 մլրդ դրամի հնգամյա պարտատոմսեր է տեղաբաշխել

16.07.2014 14:47
Ազգային հիփոթեքային ընկերությունը NASDAQ OMX Armenia-ում 1,2 մլրդ դրամի հնգամյա պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Ազգային հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը NASDAQ OMX Armenia հարթակում տեղաբաշխել է 1,2 մլրդ դրամի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք ներառվել են Abond բորսայական ցուցակում, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՈւՎԿ-ի տնօրեն Մհեր Եդիգարյանը:

Նրա խոսքերով՝ ընկերությունը տեղաբաշխման համար ներկայացրել է 10 հազար անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ 1,2 մլրդ դրամ ծավալով, հինգ տարվա (60 ամիս) մարման ժամկետով, 12 տոկոս արժեկտրոնային եկամուտով:

Նա նաև տեղեկացրեց, որ ՈւՎԿ-ի պարտատոմսերի մարքետմեյքերը «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն է, որն արդեն երկար տարիներ աջակցում է ընկերությանը պարտատոմսերի թողարկման հարցում:

«Ընկերությունն առաջինն էր, որ օգտագործել է NASDAQ OMX Armenia հարթակը պարտատոմսերի տեղաբաշխման համար, ինչն աննախադեպ էր հայկական շուկայի համար, ընկերությունը կարողացավ զգալի հաջողությունների հասնել», - ասաց Եդիգարյանը:

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանն իր հերթին նշեց, որ տեղաբաշխումը բավականին հաջող էր,  և պարտատոմսերը զգալի պահանջարկ ունեին:

ՈւՎԿ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը տեղի է ունեցել հունիսի 27-ին, երբ ընկերությունը տեղաբաշխման համար ներկայացրեց 10 հազար անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ 1,2 մլրդ դրամ ծավալով, հինգ տարի (60 ամիս) մարման ժամկետով, 12 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ:

Պարտատոմսերն ամբողջովին տեղաբաշխվել են: Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 2 597 801 450 դրամ, ինչի արդյունքում ընկերությունը ներգրավել է 1 207 800 730 դրամ: Պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.824 տոկոս՝ 11.9998 տոկոսի սահմանային եկամտաբերությամբ:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ստացված միջոցները կուղղվեն Կազմակերպության և Ֆրանսիական Զարգացման Գործակալության կողմից համատեղ իրականացվող բնակարանային միկրո և էներգոարդյունավետության բարելավման վարկավորման ծրագրի շրջանակներում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի վերաֆինանսավորմանը։

Նախատեսվում է տրամադրել երկու տեսակի վարկեր: Վարկատեսակ 1՝ փոքր և միկրո վարկեր (500-ից - 4000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ) բնակարանային վերանորոգման համար: Վերանորոգման վարկերը  կտրամադրվեն առնվազն 5 տարի մարման ժամկետով, վարկի մարման մինչև մեկ տարվա արտոնյալ ժամանակահատվածով (այս ընթացքում պարտադիր մարման ենթակա են միայն վարկի տոկոսները), առավելագույնը 14% տարեկան տոկոսադրույքով: Եթե վարկի գումարի 50%-ն ուղղված է բնակարանի էներգոարդյունավետության բարձրացմանը, ապա վարկի գումարի 10% չափով կտրամադրվի դրամաշնորհ և այդ գումարով կնվազեցվի վարկի ընթացիկ մնացորդը:

Վարկատեսակ 2՝ միջին գումարի վարկեր (4001-ից - 10,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)` բնակարանային վերանորգման և էներգոարդյունավետության բարձրացման համար: Այս՝ էներգոարդյունավտությանն ուղղված վերանորոգման վարկերը կտրամադրվեն առնվազն 10 տարի մարման ժամկետով, մինչև 2 տարի արտոնյալ ժամկետով (այս ընթացքում պարտադիր մարման ենթակա են միայն վարկի տոկոսները), առավելագույնը 11% տարեկան տոկոսադրույքով: Եթե վարկով ֆինանսավորված աշխատանքների շնորհիվ բնակարանի էներգոարդյունավետությունը կբարձրանա 40%-ով, ապա վարկառուն կստանա դրամաշնորհ վարկի 5%-ի չափով և այդ գումարով կնվազեցվի վարկի ընթացիկ մնացորդը:

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ-ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, որը գրանցվել է և արտոնագրվել ՀՀ ԿԲ-ի կողմից 2011 թ.-ի հոկտեմբերի 19-ին 1/1167А որոշմամբ (թիվ 26 լիցենզիա, 16.06.2009): Ընկերության միակ բաժնետերն ու հիմնադիրը ՀՀ ԿԲ-ն է ($1 – 407,29 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև