Moody’s–ը բարձրացրել է Հունաստանի պետպարտատոմսերի վարկանիշը Сaa3–ից մինչև Сaa1 կայուն կանխատեսմամբ

02.08.2014 14:25
Moody’s–ը բարձրացրել է Հունաստանի պետպարտատոմսերի վարկանիշը Сaa3–ից մինչև Сaa1 կայուն կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային գործակալությունն ուրբաթ բարձրացրել է Հունաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը երկու աստիճանով` Сaa3–ից մինչև Сaa1։ Հայտարարությունում նշվում է, որ վարկանիշի կանխատեսումը «կայուն» է։

Ինչպես նշում է Moody’s–ը, վարկանիշի բարձրացումը պայմանավորված է բյուջետային հաշվեկշռի հավասարմամբ, տնտեսության զարգացման հեռանկարների բարելավմամբ և պարտքի բեռի կրճատմամբ, հաղորդում է Փրայմը։

Գործակալության վերլուծաբանները կանխատեսում են, որ արդեն հաջորդ տարվանից ՀՆԱ–ի նկատմամբ Հունաստանի պետական պարտքի հարաբերակցությունը, որն այս տարի գնահատվում է մոտ 179 տոկոս, կսկսի նվազել։ «Թեև այս տարվա առաջին եռամսյակում Հունաստանին ՀՆԱ–ն տարեկան արտահայտմամբ կրճատվել է 0.9 տոկոսով, այդ ցուցանիշը կանխատեսումներից ավելի դրական է։ Բացի այդ, առաջին եռամսյակում ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ աճել են սպառողական ծախսերը, ինչը վկայում է երկրի տնտեսական ակտիվության բարելավման մասին»,– նշվում է Moody’s–ի հայտարարությունում։

Գործակալությունը նշում է, որ Հունաստանի իշխանությունների լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներն առայժմ փոփոխակի հաջողություն են գրանցում։ Միաժամանակ, Աթենքը դրական արդյունքների է հասել աշխատաշուկայի բարեփոխման հարցում։

Հունաստանի թղթերի վրա հետագայում բացասաբար ազդող գործոնների թվում գործակալությունը նշում է երկրի բարձր քաղաքական անորոշությունը։ «Մեծ է 2015 թվականի առաջին եռամսյակում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հավանականությունը, ինչը կարող է դանդաղեցնել երկրում տնտեսական բարեփոխումների իրագործումը»,– նշում է Մուդիսը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև