ՀԲ–ն Հայաստանին 122.67 մլն դոլար կհատկացնի երեք ծրագրերի ֆինանսավորման համար

06.08.2014 17:46
ՀԲ–ն Հայաստանին 122.67 մլն դոլար կհատկացնի երեք ծրագրերի ֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին չորեքշաբթի ստորագրել են 122.67 մլն դոլար ընդհանուր գումարի երեք ոլորտների ֆինանսավորման և վարկային համաձայնագրեր, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, Հայաստանը և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը ստորագրեցին 50մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր։ Այդ միջոցները կուղղվեն արտահանման խթանման, ներդրումների ներգրավման կարողությունների և ձեռնարկություններին տրամադրվող որակի կառավարման ծառայությունների հզորացմանը:

Բացի այդ, ՀԲ–ն Հայաստանին կտրամադրի 32,2 մլն դոլարի վարկ` ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի» շրջանակում։ Միաժամանակ,  Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը կտրամադրի 23 մլն դոլար վարկ, Միջազգային զարգացման ընկերակցությունը` 9,67 մլն դոլարին համարժեք 6,26 մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ:

«Ծրագրի նպատակն է արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականության բարելավումն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում, ինչպես նաև ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանումն ավելացնելը:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրած «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրի 40 մլն դոլարի չափով վարկ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի» շրջանակում:

Ծրագրի նպատակն է հզորացնել էլեկտրահաղորդման ցանցի կարողություններն ու հուսալիությունը:

Հայաստանին, որը Համաշխարհային բանկի անդամ է 1992 թվականից և IDA–ի անդամ` 1993 թվականից, այդ երկու կառույցներն ընդհանուր առմամբ տրամադրել են մոտ 1 961.73 մլն դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև