ՀՀ ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 6,75%

13.08.2014 13:26
ՀՀ ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 6,75%

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2014թ.–ի հուլիսին արձանագրվել է 0.9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 0.4%:

Խորհուրդը կարծում է, որ 12-ամսյա գնաճն առաջիկա ամիսներին աստիճանաբար կաճի և 2015 թ.առաջին եռամսյակից կկայունանա իր նպատակային ցուցանիշի շրջակայքում:

Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում ավելացել են անորոշությունները՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ, այդուհանդերձ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. երկրորդ եռամսյակում պահպանվել է ներքին և արտաքին թույլ պահանջարկը, որը նպաստել է գնաճի ցածր մակարդակի ձևավորմանը:

«Օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրումը որոշ չափով կընդլայնի գնաճային միջավայրը, այնուամենայնիվ, կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը դեռևս կմնա ցածր մակարդակում՝ տարեվերջին գտնվելով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Դրամավարկային պայմանների թուլացումը՝ զուգորդվելով 2014թ.–ի երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ,  կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը 2015թ-ի ընթացքում:

Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով հնարավոր են ճշգրտումներ դրամավարկային քաղաքականության ուղղություններում՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը կանխատեսվող հորիզոնում:

ՀՀ ԿԲ-ն վերջին անգամ փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը հունիսի 24-ին՝ իջեցնելով այն 0,25 տոկոսային կետով և սահմանելով 7 տոկոս:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում 2014 թ.-ին գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ-ի աճը՝ 5,2 տոկոսի սահմանում:-0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև