«Կամուրջ» ՈւՎԿ-ն Հայաստանի սահմանամերձ համայնքներում 2-6 տ. կ. նվազեցրել է վարկերի տոկոսադրույքները

02.09.2014 16:34
«Կամուրջ» ՈւՎԿ-ն Հայաստանի սահմանամերձ համայնքներում 2-6 տ. կ. նվազեցրել է վարկերի տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակչությանը կտրամադրի վարկեր զգալի ցածր սակագներով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը զգալիորեն բարելավել է Հայաստանի սահմանամերձ համայնքներում տրամադրվող վարկերի պայմանները: Մասնավորապես, Հայաստանի Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շուրջ 30 գյուղական համայնքներում ՀՀ դրամով վարկերը կտրամադրվեն առանց տրամադրման վճարների և սպասարկման վճարների գանձման, իսկ վարկերի տոկոսները կնվազեն 2-6 տոկոսային կետով:

Այժմ ընկերության տոկոսադրույքները տատանվում են տարեկան 20-22 տոկոսի սահմանում:

Բացի այդ, բնակարանային պայմանների բարելավման՝ վերանորոգման և վերակառուցման դրամային վարկերը կտրամադրվեն 16% տոկոսադրույքով՝ առանց սպասարկման և տրամադրման վճարների ու միջնորդավճարի գանձման:

««Կամուրջ» ՈՒՎԿ-ն, հանդիսանալով սոցիալապես պատասխանատու ընկերություն, միշտ աջակցել և աջակցում է իր հաճախորդներին, մանավանդ, երբ հարցը վերաբերում է սահմանամերձ գյուղերի բնակչությանը», - ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Նա նաև հիշեցրել է, որ այսուհետ Տավուշի մարզի 23 և Վայոց Ձորի 4 համայնքներում ընկերությունը տրամադրելու է բոլոր վարկատեսակները զգալի ցածր տոկոսադրույքով, իսկ տրամադրման վճարներ և սպասարկման վճարներ ընդհանրապես չեն գանձվի:

«Մենք կոչ ենք անում նաև ՀՀ ֆինանսական համակարգի մյուս կազմակերպություններին նույնպես, հնարավորության սահմաններում, աջակցել մեր սահմանամերձ համայնքների բնակչության սոցիալական խնդիրներին և համայնքների զարգացմանը», - ավելացրել է նա:

«Կամուրջ» ՈւՎԿ-ն Հայաստանում գործող խոշորագույն վարկային կազմակերպություններից մեկն է: Ընկերությունը ստեղծվել է 2012 թ.-ի փետրվարին վերակազմավորման արդյունքում: «Կամուրջ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010 թ.-ին Միկրոբիզնեսի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից՝ որպես շահույթ չհետապնդող ընկերություն:

Հունիսի 30-ի դրությամբ ընկերության ակտիվները կազմել են 12,4 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 6,4 մլրդ դրամ, վարկերը՝ 11,36 մլրդ դրամ, կապիտալը՝ 5,9 մլրդ դրամ:

2014 թ.-ի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 32 վարկային կազմակերպություն: ($1 – 411,26 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև