«Անելիք բանկը» Երևանում «Մալաթիա» նոր մասնաճյուղ է բացել

03.09.2014 14:58
«Անելիք բանկը» Երևանում «Մալաթիա» նոր մասնաճյուղ է բացել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք բանկը» չորեքշաբթի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նոր մասնաճյուղ է բացել:

««Մալաթիա» մասնաճյուղի բացումը բանկի մասնաճյուղերի զարգացման և արդիականացման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Նոր մասնաճյուղում կտրամադրվեն տարատեսակ բանկային ծառայություններ, որոնք նախատեսված են բնակչության տարբեր շերտերի և ձեռներեցների համար», - մասնաճյուղի հանդիսավոր բացման ընթացքում ասաց «Անելիք բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Նա վստահություն հայտնեց, որ սպասարկման ժամանակակից պայմանների և տրամադրվող ծառայությունների գրավչության շնորհիվ մասնաճյուղը կդառնա համայնքի բնակիչների հուսալի գործընկերը:

«Մենք կարծում ենք, որ մասնաճյուղը մեծ թվով այցելուներ կունենա, քանի որ Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի բնակչության թիվը ավելի քան 155 հազար է: «Անելիք բանկը» Հայաստանի հին բանկերից մեկն է, լավ հեղինակություն ունի, տարբերվում է սպասարկման բարձր մակարդակով, պատրաստ է առաջարկել նոր ուղղություններ հաճախորդների սպասարկման ոլորտում», - նշեց Կարամանուկյանը:

Նրա խոսքերով՝ «Մալաթիա» մասնաճյուղը կդառնա Երևանում «Անելիք» բանկի 7-րդ մասնաճյուղը՝ չհաշված գլխամասային գրասենյակից, բանկն ունի նաև վեց մասնաճյուղ մարզերում:

«Նախատեսվում է նաև ևս մեկ մասնաճյուղ բացել Երևանի մեկ այլ խիտ բնակեցված թաղամասում, սակայն ես դեռ չեմ նշի, թե որտեղ», - ասաց «Անելիք բանկի» վարչության նախագահը:

Նոր մասնաճյուղում կտրամադրվի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար: Հաճախորդների սպասարկումը կիրականացվի «մեկ պատուհան» սկզբունքով: «Մալաթիա» մասնաճյուղը այս տարի բանկի կողմից բացված երկրորդ մասնաճյուղն է:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 պետական լիցենզիա։ «Անելիք Բանկի» բաժնետոմսերի 100–տոկոսանոց սեփականատերն այսօր լիբանանյան CreditBank–ն է։

Հունիսի 30–ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 69.2 մլրդ դրամ (տարեսկզբից աճը`15,3%), պարտավորությունները` 56,9 մլր դրամ (աճը` 21,3%), կապիտալը`12,3 մլրդ դրամ (անկումը` 6,2%), վարկային ներդրումները` 47 մլրդ դրամ (աճը` 21,9%) ($1 – 411,29 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև