Հակոբ Անդրեասյան. Մենք պետք է փոխենք մեր բիզնես մտածելակերպը

17.09.2014 17:05
Հակոբ Անդրեասյան. Մենք պետք է փոխենք մեր բիզնես մտածելակերպը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր-գործադիր տնօրեն Հակոբ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ» - Ղեկավարի պաշտոնում գտնվելու 100 օրը նշանավորում է որոշակի հատուկ կարևոր սահման, ինչը թույլ է տալիս գործունեության որոշ արդյունքներ ամփոփել:  Կարո՞ղ եք նշել առավել զգալի ձեռքբերումները, որոնք գրանցվել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր-գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու 100 օրվա ընթացքում:

Ա. Անդրեասյան – 100 օրը, իսկապես, մեծ ժամկետ չէ, հատկապես բանկի համար: Ինչպես հայտնի է, բանկերը գործերը վարելու պահպանողական քաղաքականություն են վարում և կարևորում են հուսալի բիզնես-գործընկերոջ իրենց հեղինակությունը: Ստեղծված իրավիճակում իմ  հիմնական խնդիրն, առաջին հերթին, անձնակազմի հետ աշխատանքում հարմարավետ հոգեբանական մթնոլորտի ստեղծումն է եղել, որպեսզի մարդիկ կարողանան ձեռք բերել վստահություն և համապատասխան տրամադրվածություն: Իմ կարծիքով՝ ամենակարևորն այն է, որպեսզի կոլեկտիվը գիտակցի, որ մենք մտադիր ենք շարունակել աշխատանքը զարգացման մշակված ռազմավարության շրջանակում՝ հաշվի առնելով անհրաժեշտ փոփոխությունները: Ակնհայտ է, որ բանկի համար փոփոխությունը երկարատև, սակայն անհրաժեշտ գործընթաց է, որը պահանջում է որոշակի ծախսեր և ջանքեր` ուղղված մի շարք կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, նոր ծառայությունների և ենթակառուցվածքների ստեղծմանը, պատասխանատու անձանց նշանակմանը, տեխնիկական հագեցվածության հարցի լուծմանը:

Այս ամենը շատ կարևոր է բանկային ռազմավարության կոնկրետացման համար: Իմ կարծիքով՝ եկել է բիզնես մտածելակերպը փոխելու ժամանակը, մեր առաջնահերթությունների վերաիմաստավորման և հստակ գիտակցման ժամանակը: Պարզ է, որ ինչպես ցանկացած բանկ, մենք ևս ցանկանում ենք եկամուտ ստանալ: Անշուշտ, ֆինանսական բաղկացուցիչը շատ կարևոր է, սակայն այն ընդամենը  հետևանք է, և եթե մենք ցանկանում ենք իսկապես հաջողության հասնել, ապա պետք է ունենանք հաճախորդների պահանջների մասին ամբողջական պատկեր, որպեսզի հնարավորինս լիարժեք բավարարենք այդ պահանջները: Սա ամենագլխավոր խնդիրն է, և եթե այն կատարենք, ֆինանսական արդյունքը երկար չի ուշանա:

 «ԱՌԿԱ» - Եվ ինչպե՞ս եք պատրաստվում դրան հասնել

Ա. Անդրեասյան- Այստեղ ուրիշ մոտեցում է հարկավոր, անհրաժեշտ է օգտագործել հաճախորդների թիրախայնացման սկզբունքը, այսինքն բաժանել նրանց նպատակային խմբերի՝ ըստ պահանջների և փորձել համապատասխան միջոցներով հնարավորինս լիարժեք բավարարել այդ պահանջները: Հասկացեք՝ միշտ չէ, որ հաճախորդները բանկ ընտրելիս ղեկավարվում են գործող տոկոսադրույքների  չափերով: Լինում է, որ և տոկոսադրույքներն են ավելի լավը, և բանկային ապրանքներն են նույնը, իսկ հաճախորդն, ամեն դեպքում, նախընտրում է սպասարկվել մեկ այլ բանկում:

Իհարկե, սա հաճախորդի նախապատվության հարցն է, որը վարկային հաստատություն ընտրելիս ղեկավարվում է այնպիսի չափանիշներով, ինչպես՝ օպերատիվությունն ու սպասարկման որակը, բանկի նկատմամբ վստահությունը, մարդկային վերաբերմունքը: Այս ամենը շատ կարևոր է, և բանկերը վաղուց հասկացել են, որ հարկավոր է մանրակրկիտ աշխատանք տանել յուրաքանչյուր հաճախորդի հետ՝ ելնելով նրա պահանջներից և հնարավորություններից: Մեր բաժնետերը՝ Credit Agricole-ը, ևս նման ռազմավարություն է վարում: Անշուշտ, արդիականացումը պահանջում է լուրջ ռեսուրսներ, անձնակազմի պատրաստվածություն, բանկի ներսում կառուցվածքայնացում, պարտավորությունների ճշտում: Չէ՞ որ, եթե նախկինում աշխատակիցը պատասխանատու էր ապրանքի համար, ապա հիմա պատասխանատու է հաճախորդների խմբի համար, ինչը ենթադրում է վերապրոֆիլավորում և աշխատակցի ուսուցում, նա պետք է տիրապետի բոլոր ապրանքների վերաբերյալ  բոլոր հմտություններով, կարողանա հետաքրքրել հաճախորդներին:

«ԱՌԿԱ» - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ն առաջատարն է գյուղատնտեսական վարկավորման ոլորտում: Ինչպիսի՞ն է բանկի ռազմավարությունը այս ոլորտում վարկավորման ծավալների ավելացման հարցում:

Ա. Անդրեասյան – Գյուղատնտեսությունը մեզ համար առաջնահերթ ոլորտ է, որտեղ մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում: Մեր հաճախորդների մեծ մասը զբաղված են ագրոբիզնեսի ոլորտում, մեր միջև հիանալի վստահելի հարաբերություններ են ձևավորվել, կա ըմբռնում և փոխադարձ հետաքրքրվածություն: Այսօրվա դրությամբ գյուղատնտեսական վարկերի մեր պորտֆելը կազմում է մոտ 64 մլրդ դրամ կամ հայկական բանկերի համախառն պորտֆելի ավելի քան 51 տոկոսը: Այս տարվա նորամուծություններից մեկը եղավ այն, որ մենք ավելացրեցինք գյուղատնտեսական վարկերի մասնաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելում, և եթե ավելի վաղ այն կազմում էր 32-33 տոկոս, ապա այսօրվա դրությամբ այն 38-39 տոկոս է, իսկ մինչև տարեվերջ կգերազանցի 40 տոկոսը:

Եթե դիտարկենք իրավիճակը վարկերի վերադարձելիության տեսակետից, ապա լավագույն վիճակը գյուղատնտեսական վարկերի հարցում է. այստեղ առկա է վերադարձելիության ամենաբարձր տոկոսը, չնայած բոլորը հասկանում են, որ սրանք առավել ռիսկային միջոցներ են՝ հաշվի առնելով մեր կլիմայական պայմանները: Ռիսկերի նվազեցման համատեքստում ցանկանում եմ նշել գյուղատնտեսության սուբսիդավորման կառավարության ծրագիրը: Այն հիանալի ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ֆերմերներին ֆինանսավորում ստանալ դրամով տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որից 6-8 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից: Այս ծրագրով վարկավորման ծավալը կազմում է 15 մլրդ դրամ, որից 14,2-14,5 մլրդ դրամը մեր մասնաբաժինն է:

«ԱՌԿԱ» - Ձեր կարծիքով՝ Հայաստանի առջև ի՞նչ հեռանկարներ են բացվում եվրոպական ապրանքների, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի ներկրման նկատմամբ Ռուսաստանի ներդրած պատժամիջոցների հետ կապված:

Ա. Անդրեասյան – Ակնհայտ է, որ մենք կախված ենք ռուսական տնտեսությունից, ՌԴ-ից իրականացվող փոխանցումներից, փոխարժեքի տատանումներից, ռուբլու արժեզրկումից և այլն: Սակայն մյուս կողմից, էմբարգոյի և պատժամիջոցների արդյունքում մեր առջև, չեմ ասում` ռուսական շուկան գրավելու, ինչն անհնար է, սակայն առաջ շարժվելու որոշ հնարավորություններ են բացվում: Ցավոք, Հայաստանն այնքան էլ խոշոր արտադրող չէ այնպիսի երկրների ֆոնին, ինչպիսիք են Թուրքիան, Չինաստանը կամ Իրանը, որոնց համար հեշտ է փոխարինել եվրոպական արտահանողներին: Սակայն մենք պետք է փորձենք օգտագործել ստեղծված հնարավորությունները աճի համար` որակյալ հայկական ապրանքների ներկրելու հաշվին այն երկրներ, որոնց սպառողները ծանոթ են մեր արտադրանքին:

Այսպես՝ Ռուսաստանում դա մեծաքանակ հայկական սփյուռքն է կամ այլ ազգերի ներկայացուցիչները, որոնց դուր է գալիս մեր արտադրանք, օրինակ՝ կոնյակը: Վերամշակող արտադրության հետ մեզ ավելի դժվար կլինի մրցել, քանի որ հայտնի ապրանքանիշերն արդեն ամուր հաստատվել են ռուսական շուկայում: Բայց մենք պետք է միտվենք դեպի միջին շերտը, հաստատվենք այդտեղ։

Իհարկե, հիմա դժվար է ինչ-որ թվեր ներկայացնել, սակայն մեր հաճախորդները միաձայն պնդում են, որ հեռանկար կա, և եթե ավելի վաղ տարբեր պատճառներով մենք չէինք կարողանում մտնել այդ շուկաներ, ապա հիմա նման հնարավորություններ հայտնվում են: Շատ կարևոր է օգտագործել պահը: Մեր կողմից կարող ենք ֆինանսավորել նրանց արտադրությունները, սակայն չի կարելի մոռանալ, որ ամեն ինչ չէ, որ լուծում են ֆինանսական ռեսուրսները, այստեղ հարկավոր է հաշվի առնել գյուղատնտեսության ոլորտում տիրող իրավիճակը:

Հայաստանում այս ոլորտի ամենամեծ խնդիրը ոչ մեծ ֆերմերային տնտեսությունների առկայությունն է, ինչը խոչընդոտում է գյուղատնտեսության ինդուստրիալիզացիային: Այդ պատճառով նրանց արտադրողականությունը չափազանց ցածր է: Կառավարությունն, իհարկե, մտածում է այդ մասին, սակայն վերջին հաշվով` դա սեփականատիրոջ գործն է:

«ԱՌԿԱ» - Ավելի վաղ Դուք նշել էիք, որ մտադիր եք ավելացնել փոքր և միջին բիզնեսի աջակցման ծրագրերի ֆինանսավորումը: Այսօրվա դրությամբ որքա՞ն է ՓՄՁ-ի վարկավորման պորտֆելը, և ինչպիսի՞ն է դրա աճի դինամիկան մինչև տարեվերջ:

Ա. Անդրեասյան- Մեզ համար ՓՄՁ-ն երկրորդ առաջնահերթ ոլորտն է: ՓՄՁ-ի վարկավորման գծով բանկի պորտֆելն այսօրվա դրությամբ կազմում է մոտ 173,5 մլրդ դրամ, նախատեսվում է մինչև տարեվերջ այն ավելացնել ևս 10 մլրդ դրամով: Այսօր Հայաստանում շատ բանկեր նախընտրում են աշխատել մանրածախ հատվածում, փոքր ընկերությունների հետ, քանի որ մեծերի հետ գլխացավանքն ավելի շատ է: Ցավոք, կան դժվարություններ, և մենք այդ իմաստով բացառություն չենք: Սակայն դրանք լուծելի դժվարություններ են:

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ն է բանկի ռազմավարությունը սպառողական վարկավորման, ինչպես նաև հիփոթեքային շուկայում ակտիվացման հարցում, հատկապես երիտասարդ ընտանիքների վարկավորման ծրագրի շրջանակում:

Ա. Անդրեասյան – Այս տարի, նախորդ տարիների պես, ակտիվություն է նկատվում սպառողական վարկավորման ոլորտում: Պորտֆելն այսօրվա դրությամբ կազմում է 55,5 մլրդ դրամ կամ բանկի համախառն վարկային պորտֆելի 32 տոկոսը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 18 տոկոս:

Սպառողական վարկավորման մակարդակի վրա, ցավոք, ազդում են մի շարք գործոններ՝ վճարունակության նվազումը, աճող միգրացիան: Սակայն ուզում եմ նաև նշել, որ պոտենցիալ հաճախորդների թվի կրճատման ֆոնին երկրում բնակչության բանկայնացման մակարդակը դեռևս բավարար չէ, և աճի տեղ կա: Սա ոչ միայն իմ, այլև ուրիշ բանկերի ղեկավարների կարծիքն է: Մեզ մոտ դեռ շատ մարդիկ չեն օգտվում բանկային ծառայություններից, լավագույն դեպքում կարող են բանկային փոխանցում իրականացնել:

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները բանկային հիմնական ցուցանիշները վերաբերյալ 2014 թ.-ի վերջին:

Ա. Անդրեասյան – 2014 թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ բանկի ակտիվները կազմել են 273 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 2 տոկոսով: Վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 182 մլրդ դրամ՝ ավելանալով 7,3 տոկոսով, իսկ պարտավորությունները՝ 219,2 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 2,6 տոկոսով: Միաժամանակ հնարավոր կորուստների գծով պահուստը կազմել է 6 մլրդ դրամ՝ նախորդ տարի գրանցված 2,8 մլրդ դրամի համեմատ: Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ արդյունքներին, ապա մենք որոշ խնդիրներ ունենք, որոնք առաջացել են 2-3 խոշոր փոխառուների մեղքով, և այդ իրավիճակն ընդհանուր առմամբ ազդել է ընդհանուր պատկերի վրա: Այսպես՝ եթե նախորդ տարի բանկի շահույթը կազմել է 4 մլրդ դրամ, ապա այսօր մեզ մոտ դեռ 260 մլն դրամի վնաս է պահպանվում: Սակայն մենք աշխատում ենք այդ խնդիրների լուծման ուղղությամբ, և այս ամիս արդեն շահույթով ենք աշխատում, իսկ մեր եկամուտներն այս տարի անգամ գերազանցում են նախորդ տարիներին գրանցված եկամուտները

«ԱՌԿԱ» - Այսօրվա դրությամբ շատ բանկերում հաճախորդ ներգրավելու խնդիր կա: Ինչպե՞ս է ձեր բանկը լուծում այս խնդիրը, որքա՞ն է ձեր հաճախորդների բազան:

Ա. Անդրեասյան – Մենք ունենք 275 հազար հաճախորդ, որոնց մեծ մասը ֆիզիկական անձինք են, և նրանց թվում մեծ է ֆերմերների թիվը: Մենք մշտապես աշխատում ենք բանկային ծառայությունների տեսականու ընդլայնման և վարկավորման պայմանների բարելավման ուղղությամբ: Դյուրացրել ենք վարկերի տրամադրման գործընթացը, ներդրել ենք սքորինգի համակարգը, որը թույլ է տալիս ավելի արագ և ավելի որակյալ սպասարկել հաճախորդներին: Ինտերնետ-բանկինգը ևս կայուն աճ է գրանցում, մասնավորապես՝ ավելացել է առցանց-բանկինգի հաճախորդների թիվը: Մեծ ուշադրություն ենք դարձնում քարտային նախագծերին: Նման նորարար քարտային ապրանքների թվին է պատկանում AmEx ընկերության հետ համատեղ թողարկված American Express Cashback քարտը, որը թույլ է տալիս քարտապաններին կառավարել իրենց միջոցները և միաժամանակ կուտակել միջոցներ Cashback վճարային գործարքների միջոցով: Առաջիկայում կսկսենք թողարկել մեկ հպումով պլաստիկ քարտերը, որոնք թույլ են տալիս վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց քարտի միայն մեկ հպումով:

Մենք ցանկանում ենք ավելի շատ ինտեգրվել սոցիալական ոլորտում: Օրինակ՝ վարկեր երիտասարդներին ծրագիրը նպատակ ուներ բանկեր ներգրավել որքան հնարավոր է շատ երիտասարդների, քանի որ հենց նրանք են մեր բանկի պոտենցիալ հաճախորդները: Վերջերս ներկայացրեցինք թղթի օգտագործման տնտեսման մասին տեսահոլովակը, որը կոչ է անում ավելի հոգատար վերաբերվել բնությանը՝ տնտեսված թուղթը նշանակում է ավելի շատ ծառ:

«ԱՌԿԱ» - Ձեր բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է կապիտալի մեծությամբ: Նախատեսու՞մ եք այն ավելացնել մինչև տարեվերջ:

Ա. Անդրեասյան – Այսօրվա դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում է մոտ 54 մլրդ դրամ, իսկ կանոնադրական կապիտալը՝ 30 մլրդ դրամ: Այս փուլում մենք ավելացում չենք նախատեսում, սակայն չենք բացառում հետագայում կապիտալի համալրում ինչպես բաժնետերերի, այնպես էլ նոր մասնակիցների հաշվին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև