ՎԶԵԲ-ը Երևանում առևտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանս կկազմակերպի հոկտեմբերի 1-2-ը

29.09.2014 14:13
ՎԶԵԲ-ը Երևանում առևտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանս կկազմակերպի հոկտեմբերի 1-2-ը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ),  Եվրոպական միության (ԵՄ) հետ համատեղ կազմակերպում է առևտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանս՝ բարելավելու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) իրազեկությունը և Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործիքների հասանելիությունը, հաղորդեցին ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունից:

Միջոցառման ընթացքում, որը տեղի կունենա «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում հոկտեմբերի 1-2-ը, ոլորտի առաջատար փորձագետները կքննարկեն տեղական գործարարների հնարավորություններն ու Հայաստանում առևտրի ֆինանսավորման հասանելիության առումով մարտահրավերները:

Կոնֆերանսի ավելի քան 150 մասնակիցների առաջ ողջույնի խոսքով հանդես կգա Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Մոնղոլիայի ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի տնօրեն Մայք Թեյլորը:

Կոնֆերանսին ելույթ կունենան մի շարք բարձր պրոֆիլի խոսնակներ, ինչպես նաև տեղական ՓՄՁ-ների, առևտրային բանկերի և տարբեր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներ, որոնք կքննարկեն առևտրի ֆինանսավորման ոլորտի ընթացիկ միտումներն ու զարգացման կարիքները: Կանցկացվեն թեմատիկ քննարկումներ, կներկայացվեն պրեզենտացիաներ և Հայաստանում առևտրի ֆինանսավորման գործարքների հաջողված դեպքերի ուսումնասիրություններ, ելույթ կունենան հրավիրված փորձագետներ, տեղական և օտարերկրյա առևտրային բանկերի և տեղական ՓՄՁ-ների ներկայացուցիչներ:

Մայք Թեյլորի գնահատմամբ՝ ՎԶԵԲ-ը Հայաստանում շարունակում է հավատարիմ գործընկեր մնալ և հատուկ ուշադրություն է դարձնում տեղական ՓՄՁ-ների աջակցությանը, քանի որ նրանք առաջատար դերակատարություն ունեն առևտրի ոլորտի զարգացման գործընթացում:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի ավելի շատ ընկերություններ լիովին տեղեկացված լինեն իրենց համար հասանելի ֆինանսավորման բոլոր տարբերակների մասին և ի վիճակի լինեն օգտագործել այդ այլընտրանքները», - ասել է նա:

Միաժամանակ Թեյլորը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ի վաղեմի գործընկեր բանկերին՝ «Հայէկոնոմբանկին» և  «Ամերիաբանկին», որոնք նաև այս միջոցառման գլխավոր հովանավորներն են, քանի որ այս բանկերը մեծապես նպաստել և աջակցել են ՓՄՁ-ների համար առևտրի ֆինանսավորման գործիքների բարելավված հասանելիությանը:

Ինչպես նշել է ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի վերլուծաբան Մարիա Մոգիլնայան, այս կոնֆերանսը կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, ինչպես նաև բացառիկ հնարավորություն՝ համախմբելու առևտրի

ֆինանսավորման ոլորտի փորձագետներին և տեղական կարևորագույն շահագրգիռ կողմերին՝ քննարկելու և անդրադառնալու ոլորտի մարտահրավերներին:

«Այս միջոցառումը, որը  կազմակերպված է ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի աջակցության խմբի հետ համատեղ, կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների համար առևտրի ֆինանսավորման հասանելիության բարելավմանը», - ասել է նա:

«Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Արմեն Նալջյանն ընդգծել է, որ «խրախուսելով առևտրի ֆինանսավորման գործիքների օգտագործումը, մենք խթանում ենք Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացումը, առավել ևս՝ մենք ձեռք ենք բերում տեղական արտադրությանը աջակցելու և, հետևաբար, այդ արտադրությունը միջազգային շուկաներում ներկայացնելու նոր հնարավորություններ»:

«Ամերիաբանկի» կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանի խոսքերով՝ ընդգծելով ՓՄՁ-ների կարևոր դերը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացում, «Ամերիաբանկը» մշակել է առևտրի ֆինանսավորման քաղաքականություն՝ բավարարելու ՓՄՁ-ների ֆինանսավորման կոնկրետ կարիքները:

«Արդյունքում՝ այս տարվա սկզբից անցած վերջին 8 ամիսների ընթացքում «Ամերիաբանկի» առևտրի ֆինանսավորման պորտֆելն աճել է 17%-ով, իսկ տարեցտարի աճը կազմել է 43%: Այս ականավոր աճը պայմանավորված է և՛ բանկի աշխատակիցների հետևողական աշխատանքով, և՛ ՄՖԿ-ների հետ համատեղ իրականացվող առևտրի ֆինանսավորման ծրագրերով, և՛, հատկապես, ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցության ծրագրի կողմից մշակված նախագծերով», - ասել է նա:

ՎԶԵԲ-ը երախտապարտ է «Հայէկոնոմբանկին», «Ամերիաբանկին», «Արարատբանկին», «Արմսվիսբանկին» և «Ինեկոբանկին» միջոցառումը հովանավորելու համար, ինչպես նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին և Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամին այս կոնֆերանսի կազմակերպման ընթացքում իրենց աջակցության և համագործակցության համար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև