Արարատբանկը FMO-ից 15 մլն դոլար է ներգրավել Հայաստանում բիզնեսի վարկավորման նպատակով

30.09.2014 14:33
Արարատբանկը FMO-ից 15 մլն դոլար է ներգրավել Հայաստանում բիզնեսի վարկավորման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) 15 մլն ԱՄՆ դոլար վարկ է  տրամադրել  Արարատբանկին` բիզնեսի վարկավորման նպատակով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ վարկը շահառուներին է տրամադրվելու հինգ տարի մարման ժամկետով 10-12 տոկոս դրույքաչափով մինչև 1 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով:

Վարկային միջոցներից կարող են օգտվել մինչև 300 աշխատող ունեցող  այն ձեռնարկությունները, որոնց ընդհանուր ակտիվները  չեն գերազանցում 15,000,000  ԱՄՆ  դոլարը: Վարկային միջոցներն առավելապես կուղղվեն արտահանող ընկերությունների բիզնես ծրագրերի ֆինանսավորմանը:

«Թեև սա Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերության հետ  մեր համագործակցության առաջին ծրագիրն է, սակայն հույս ունենք, որ կունենանք երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցություն և վարկի շրջանակներում  կկարողանանք մեր հաճախորդներին առաջարկել երկարաժամկետ, մատչելի, մրցունակ պայմաններով ֆինանսավորում», - ասել է Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը` Հոլանդական զարգացման բանկի «Exchange on the Future of Banking» թեմայով երրորդ տարեկան ժողովի շրջանակներում պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ:
Միաժամանակ նա բարձր է գնահատել Հայաստանում ընկերության կողմից ընդհանուր առմամբ  իրականացված ներդրումների արդյունավետությունը:

Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) ստեղծվել է 1970 թվականին հոլանդական կառավարության, առևտրային բանկերի, ազգային գործարարների միության, պրոֆմիությունների և անհատ ներդրողների կողմից զարգացող երկրներում և շուկաներում մասնավոր սեկտորի ծրագրերում ներդրումներ կատարելու նպատակով: 2013 թվականին  դեկտեմբերի դրությամբ FMO-ն ներկա է գտնվել ավելի քան 80 տարբեր զարգացող երկրներում և շուկաներում զարգացման ֆինանսական գործընկերոջ կարգավիճակով:  Ընկերության ներդրումային պորտֆելը 2013թ.-ին կազմել է 6,7 մլրդ եվրո, ինչի շնորհիվ այն դասվում է մասնավոր հատվածը ֆինանսավորող ամենախոշոր բանկերի շարքում:

«Արարատբանկը» ԲԲԸ-ն, որը «Հայկապ» բանկի իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991 թ.-ի սեպտեմբերի 20-ին: 1996 թ.-ի հոկտեմբերի 31-ին բանկը ստացված թիվ 4 բանկային արտոնագիրը: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,18 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետիրոջը՝ խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, 25 տոկոսը՝ ՎԶԵԲ-ի մասնաբաժինն է: Արարատբանկը 2009 թ.-ի հունվարի 30-ին ներառվել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի կազմում:

Արարատբանկի ակտիվները առաջին կիսամյակի վերջին կազմել են մոտ 116,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 94,8 մլրդ դրամ, կապիտալը՝ 21,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 60 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 55,4 մլրդ դրամ: Բանկի շահույթը երկրորդ եռամսյակում կազմել է 2 մլրդ դրամ ($1 – 408,36 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև