Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2014 թ.-ի արդյունքում կարող է կազմել 4,5%. ԶԵԱԲ

01.10.2014 14:08
Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2014 թ.-ի արդյունքում կարող է կազմել 4,5%. ԶԵԱԲ

Հայաստանը կախված է ռուսական տնտեսությունից և չի կարող չարձագանքել Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներին: Նման պայմաններում որքա՞ն կլինի Հայաստանի տնտեսական աճը ընթացիկ տարվա արդյունքում, ի՞նչ գործոններ են ազդում երկրի արտաքին տնտեսական քաղաքականության ձևավորման վրա, հնարավո՞ր են լուրջ գնային փոփոխություններ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու դեպքում, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում այս և այլ հարցերի է պատասխանել ԶԵԱԲ-ի վարչության անդամ, վերլուծական աշխատանքի գծով կառավարիչ-տնօրեն Վլադիմիր Յասինսկին:

ԱՌԿԱ – Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է ռուսական տնտեսության հետ և չի կարող որոշակի հետևանքներ չունենալ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ մտցրած պատժամիջոցներից: Այս կապակցությամբ ինչպե՞ս եք գնահատում հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

Վ. Յասինկսի- Ռուսական տնտեսության նկատմամբ պատժամիջոցների կարճաժամկետ ազդեցությունը բացասական է, երկարաժամկետը՝ միանշանակ չէ, եթե ճգնաժամային բնագավառներում ներկրմանը փոխարինող ոլորտներին ազդակ հաղորդվի: Տարվա ընթացքում Հայաստանի վրա հնարավոր է բացասական ազդեցություն, որը կապված է Ռուսաստանից դրամական փոխանցումների ծավալի նվազման հետ, սակայն չարժե այդ ամբողջության համարել պատժամիջոցների հետևանք: Կան նաև այլ գործոններ, մասնավորապես՝ այլ արտարժույթների նկատմամբ դոլարի դիրքերի ամրապնդումը, որը կապված է ԱՄՆ-ի դրամային քաղաքականության խստացման հետ: Ռուբլու փոխարժեքի ընթացիկ թուլացումը մեծամասամբ կապված է դրա հետ, այլ ոչ թե պատժամիջոցների: Արտարժույթի փոխարժեքի տատանումներն ուղղակիորեն ազդում են

Հայաստան կատարվող դրամական փոխանցումների դոլարային ծավալի վրա, քանի որ այն մարդկանց աշխատավարձը, ովքեր Ռուսաստանից Հայաստան փոխանցում են կատարում, տրամադրվում է ռուբլով: Արտարժույթի փոխարժեքի տատանման հետ մասամբ կապ ունեցող ևս մի արտաքին գործոն է հումքային ապրանքների, այդ թվում նաև նավթի գների նվազումը, որը ևս մասամբ անկախ է:

ԱՌԿԱ – ԶԵԱԲ-ի վերջին կանխատեսման համաձայն՝ բանկը 2014 թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճի արագացում էր սպասում մինչև 4,8 տոկոս: Արտաքին քաղաքական փոփոխությունների լույսի ներքո` կապված ուկրաինական ճգնաժամի հետ, միջազգային ֆինանսական կառույցները՝ ԱՄՀ-ն, ՎԶԵԲ-ը և մյուսները, Հայաստանում ՀՆԱ-ի աճի իրենց կանխատեսումները վերանայել են դեպի նվազում։  Ինչպիսի՞ն է ԶԵԱԲ-ի կանխատեսումը 2014 թ.-ին Հայաստանի տնտեսության աճի կապակցությամբ:

Վ. Յասինսկի- Չնայած Ռուսաստանում տնտեսության դանդաղման վրա բացասական արդյունքին և Եվրոպայում գրանցված թույլ աճին` Հայաստանում ՀՆԱ-ի աճը կարող է, ամեն դեպքում, արագանալ մինչև 2014 թ.-ի վերջ: Միջազգային կազմակերպությունների թարմացված համաձայնեցված կանխատեսման համաձայն՝ այն տարվա ընթացքում կարող է կազմել 4,3 տոկոս, ԶԵԱԲ-ի կանխատեսմամբ՝ 4,5 տոկոս: Հնարավոր է հետաձգված պետական ծախսերի արագացում, այդ թվում նաև ներդրումային, պետական հատվածում աշխատավարձերի բարձրացում, ընդլայնված դրամավարկային քաղաքականություն, ՄՄ-ին համագործակցության ընդլայնումը պետք է, ամեն դեպքում, բարենպաստ ազդեցություն ունենա տնտեսության վրա և մասամբ փոխհատուցի դրամական փոխանցումների դանդաղման և արտահանման բացասական հետևանքը: 2014 թ.-ի հուլիս-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշն արդեն բարելավվել է, և այն կայունացել է 4,1 տոկոսի սահմանում 2014 թ.-ի հունվար-օգոստոսին (3,4 տոկոս առաջին կիսամյակի արդյունքում): Բարելավումը տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտում (+4,9 տոկոս հունվար-օգոստոսի), ծառայությունների ոլորտում (+6,2 տոկոս), առևտրի ոլորտում (+5,7 տոկոս) գրանցված փոքր արագացման հաշվին: Արդյունաբերության (+0.9%) և շինարարության (+0.4%) ցուցանիշները, այնուամենայնիվ, մնում են համեստ մակարդակի վրա և ցուցանիշները ներքև են տանում:

ԱՌԿԱ – ԱՊՀ երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում, ինչպե՞ս է փոխվել հասարակության վերաբերմունքը ԵՏՄ-ին միանալու հարցի նկատմամբ` Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների լույսի ներքո:

Վ. Յասինսկի - «ԶԵԱԲ-ի ինտեգրացիոն բարոմետր 2014» ԶԵԱԲ-ի հետազոտական կենտրոնի ուսումնասիրության արդյունքում՝ Հայաստանում գրանցված է ՄՄ և Միասնական տնտեսական տարածք մուտքի հեռանկարների աջակցության բավականին բարձր մակարդակ (64%): Տարվա ընթացքում այդ աջակցությունը փոքր-ինչ նվազել է, 2013 թ.-ին այդ ցուցանիշը կազմում էր 67 տոկոս: Այս մակարդակը բավականին բավարար է քաղաքական որոշումներ ընդունելու համար:

ԱՌԿԱ – Ձեր կարծիքով՝ Հայաստանը ի՞նչ արտոնություններ և ապրանքային ո՞ր խմբերում բացառություններ կստանա ԵՏՄ-ում անդամակցության սկզբնական փուլում:

Վ. Յասինսկի- Մի քանի հարյուր կետերից բաղկացած այս ցուցակը բանակցությունների առարկա է: Հայաստանը հնարավորություն կունենա տնտեսությունը հարմարացնելու մաքսային պաշտպանության ավելի բարձր մակարդակի: Հարկավոր է հաշվի առնել, որ ՄՄ-ի սակագնային պաշտպանության մակարդակը մշտապես նվազում է և տարվա վերջում կկազմի 6,9 տոկոս:

ԱՌԿԱ – Լուրջ գնային փոփոխությունների սպասու՞մ եք ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո: ԵՏՄ-ի մնացած երկրները նման խնդրի հետ բախվե՞լ են:

Վ. Յասինսկի- Ոչ, Հայաստանում գների լուրջ փոփոխություններ չեն սպասվում ԵՏՄ Հայաստանի մուտքից հետո: Մյուս երկրներում գնաճի մակարդակը ՄՄ-ի ստեղծման ժամանակ սահմանվում էր այլ գործոններով, և շատ դեպքերում այն կախված էր հետևողական դրամավարկային քաղաքականության իրականացումից: Հիմքեր կան կարծելու, որ Հայաստանի խելամիտ բյուջետային և դրամավարկային քաղաքականության շնորհիվ արտաքին շոկերի հետ կապված ռիսկերը կհարթվեն, ինչպես նաև կնվազի էներգետիկ, պարենային և հումքային ապրանքների համաշխարհային գների փոփոխությունների նկատմամբ խոցելիությունը

ԱՌԿԱ – Հայաստանի մուտքը ԵՏՄ կազդի՞ ԵՄ երկրներ հայկական ապրանքների արտահանման ծավալների վրա, և ինչպիսի՞ն է ԵՄ երկրներ արտահանման աճի կանխատեսումը:

Վ. Յասինսկի – Հայաստանի մուտքը ԵՏՄ մասամբ կվերաուղղորդի առևտուրը Միության հետ մեծ ապրանքաշրջանառության օգտին: ԵՄ-ի հետ առևտրում արտահանման հիմքը ձևավորում են մի քանի ապրանքային խմբեր՝ ալյումինե փայլաթիթեղներն ու գլանումը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, ալկոհոլային խմիչքները, պղնձամոլիբդենային խտանյութն ու սև պղինձը: Այս արտահանման հետ կապված իրավիճակը լուրջ ազդեցություն է ունենում բյուջեի եկամտային մասի ձևավորման և հանրապետության տնտեսական աճի վրա: Մուտքը ԵՏՄ չի ազդի այս ապրանքների գծով ԵՄ իրականացվող արտահանման ծավալների վրա: Հայաստանի համար կարևոր է փորձել դիվերսիֆիկացնել արտաքին առևտրաշրջանառության ծավալի աշխարհագրությունը՝ առևտրային և տնտեսական կապեր զարգացնելով կամ հաստատելով նաև այլ երկրների հետ: Բարդ աշխարհագրական դիրքը բարենպաստ ազդեցություն է ունենում առևտրի վրա ավանդական խորհրդային գործընկերների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ղազախստանի և տարածաշրջանային երկրների՝ Իրանի, Թուրքիայի և Մերձավոր Արևելքի երկրների հետ:

ԱՌԿԱ – Հայաստանում ի՞նչ տնտեսական նախագծեր է ֆինանսավորում ԶԵԱԲ-ը, և ի՞նչ հեռանկարային ծրագրեր է բանկը պատրաստ ֆինանսավորել:

Վ. Յասինսկի – Զարգացման եվրասիական բանկը ՀՀ-ում ֆինանսավորում է մի շարք խոշոր բանկեր (Հայբիզնեսբանկ, Ամերիաբանկ, Արարատբանկ, Առէկսիմբանկ, ՎՏԲ-Հայաստան բանկ): Ֆինանսավորման նպատակն է զարգացնել փոքր և միջին բիզնեսը, միկրովարկավորումը:

Ինչ վերաբերում է հեռանկարային նախագծերին, ապա ֆինանսավորման է պատրաստվում Արմանիսի բազմամետաղային հանքավայրում մակաբացման աշխատանքների ծավալի ավելացման նախագիծը, քննարկվում է Արդշինինվեստբանկի ֆինանսավորումը՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով:

ԵՏՄ Հայաստանի մուտքի գործընթացին աջակցելու առումով ԶԵԱԲ-ը մտադիր է տեխնիկական աջակցություն ցուցաբերել «ճանապարհային քարտեզի» իրականացման գործում: Այժմ արդեն պատրաստ է և առաջին օրերին ՀՀ արդարադատության նախարարության հետ կստորագրվի ԵՏՄ-ի բոլոր փաստաթղթերի հայերեն թարգմանության ֆինանսավորումն ապահովելու պայմանագիրը, որոնք պահանջվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման համար։

ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի գծով Զարգացման եվրասիական բանկը մասնակցում է Հայաստանի ենթակառուցվածքային զարգացման խոշորագույն ծրագրում՝ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցմանը, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 1 մլրդ դոլարը: Գոյություն ունեցող ճանապարհը հատում է ողջ Հայաստանը՝ հյուսիսից դեպի հարավ, այդ ճանապարհը կապահովի երկրի հյուսիսային հարևանների հետ անխափան հաղորդակցություն և հարավային երկրների հետ տնտեսական համագործակցության հսկայական ներուժ կբացահայտի: Այս տարվա հուլիսին Հակաճգնաժամային հիմնադրամի խորհուրդը հավանություն է տվել 150 մլն դոլարի հատկացմանը՝ հատվածի ամենահարավային մայրուղու՝ Իրանի հետ սահման տանող հատվածի կառուցմանը:

Բանկը հետաքրքրված է շարունակել համագործակցությունը այս ծրագրի շրջանակում, բացի այդ քննարկվում են մի շարք նախագծեր Հայաստանի գյուղատնտեսական հատվածում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև