Անելիք բանկն առաջարկում է Պարզ-Արագ նոր վարկատեսակը՝ ոսկու գրավով

03.10.2014 17:36
Անելիք բանկն առաջարկում է  Պարզ-Արագ նոր վարկատեսակը՝ ոսկու գրավով

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած ռազմավարությանը, ֆիզիկական անձանց առաջարկում է նոր Պարզ-Արագ վարկեր` ոսկու գրավով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Վարկի առավելագույն գումարը ՀՀ դրամով կազմում է 8 մլն, իսկ  ԱՄՆ դոլարով`  50 հազար: Վարկը տրամադրվում է  մինչև 110% վարկ/գրավ շահավետ հարաբերակցությամբ և մատչելի` տարեկան սկսած 14% տոկոսադրույքով:

«Տվյալ վարկատեսակից օգտվող հաճախորդներին կտրամադրվի նաև վճարային քարտ, որի դիմաց քարտի սպասարկման տարեկան վճար և քարտային հաշվի նվազագույն մնացորդ սահմանված չէ»,-նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Մանրածախ գործառնությունների զարգացման վարչության պետ Արմեն Համբարձումյանը և ավելացրել, որ հետագայում ևս Բանկը շարունակելու է իր հաճախորդներին առաջարկել մատչելի և շահավետ բանկային պրոդուկտներ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը՝ «Credit Bank S.A.L.»-ը, 2009 թ.-ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը՝ դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը: 2012 թ.-ին «Credit Bank S.A.L.»-ի մասնաբաժինը հասավ 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.-ին «Credit Bank S.A.L.»-ը համախմբեց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 63,65 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 51,1 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 42,8 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 12,6 մլրդ դրամ: Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 503,3 մլն դրամ, ինչը 2013 թ.-ի առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ 35,34 տոկոսով ավել է ($1- 407,68 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև